Կիսաքաղցր թխվածքներ և կարմիր ներկված ձու. Զատկի տոնը Մառնեուլիում` անցյալում և հիմա

Առանց թթխմորի, մի քիչ քաղցր, նազուկի նման բլիթ էին թխում` «բաղարջ» էին ասում։ Բաժանում էին թաղի երեխաներին, տանում էին գյուղի մատուռ, թողնում էին շիրմաքարերի վրա, հիշելով իր մանկության տարիներին Սուրբ Զատիկի տոնակատարության ծեսի ընթացքը, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ավագ ուսուցչուհի, 70-ամյա Լյուդմիլա Նալբանդյանը (Բադալյանը):

Նալբանդյանի խոսքով, իր մանկության տարիներին՝ քանի որ գյուղում միշտ էլ եկեղեցի չի եղել, գյուղացիները ներկած ձվերով, բաղարջով, նազուկով, կանաչեղենով, հավով, գառով բեռնված` բարձրանում էին գյուղի միակ մատուռի մոտ (գտնվում է գյուղի ամենավերևի մասում՝ գերեզմանատան տարածքում- խմբ.), որի կողքին սեղաններ և նստարաններ կային։ Հավաքվում էին, տոնում էին միասին՝ կարևոր չէր, թե ով` ինչ է տարել իր հետ:

«Իմ երիտասարդության տարիներին այս ավանդույթն սկսեց դանդաղ վերանալ, իսկ այսօր արդեն ընդհանրապես ընդունված չէ Զատկի տոնին բարձրանալ գերեզմաններ, գերեզմաններ են բարձրանում Զատկի հաջորդ օրը՝ մեռելոցին, իսկ հենց բուն տոնի օրը յուրաքանչյուրն իր տանն է նշում»,- ասաց ուսուցչուհին:

Ուսուցչուհին հիշում է՝ այդ տարիներին ձուն ներկում էին միայն կարմիր գույնով, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյան գույնը, իսկ ունևորներն անգամ աքլոր կամ գառ էին զոհաբերում:

«Այդ տարիներին Զատիկը նշում էին, սակայն դա ընկալում էին որպես տխուր տոն, իսկ հիմա ընկալումը փոխվել է՝ որպես ուրախ տոն է նշվում, ինչը, բնականաբար, ճիշտ է»,- պատմում է ուսուցչուհին:

Ասում է՝ հիմա Սուրբ Զատիկն ավելի ճոխ են նշում, ձուն ներկում են տարբեր գույներով՝ հաշվի չառնելով, որ միայն կարմիր պետք է լինի, տարբեր թխվածքներ են թխում, մրգեր են դնում սեղանին, չամչով փլավ են եփում, ինչը պարտադիր ուտեստ է համարվում՝ առատության նշան է:

«Նախկինում, հավանաբար՝ բրնձի բացակայության կամ սակավության պատճառով, ցորենով էին պատրաստում փլավը: Տարբեր շրջաններում տարբեր ձևով էին նշում, և հիմա էլ այդպես է»,- ընդգծում է ուսուցչուհին:

Հիշելով Քվեմո Քարթլիի զատկական ավանդությունները և այդ տոնի ժամանակ օգտագործված ասացվածքները, Նալբանդյանն ասում է.

«Մեր շրջանում հիմնականում օգտագործում են Հայաստանի Լոռու մարզում տարածված ասացվածքները, դրանք են՝ «Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ», «Ունեցողի համար ամեն օր Զատիկ է» և այլն»:

Ուսուցչուհին ցավով նշում է, որ Մառնեուլիի գյուղերում հոգևոր կյանքի բացակայության պատճառով ոմանք Սուրբ Զատիկը նշում են վրացական եկեղեցու հետ, ոմանք էլ` և՛ վրացական, և՛ հայկական եկեղեցու հետ: Ուսուցչուհին, սակայն, նաև ընդգծում է՝ սա միայն հոգևոր կյանքի բացակայության հետևանք չէ:

«Վրաստանում զատկական տոները ոչ աշխատանքային օրեր են հայտարարում, այդ իսկ պատճառով կարմիր ուրբաթի, մեռելոցի պատճառով ոմանք նշում են վրացական եկեղեցու հետ: Վրացական եկեղեցու հետ նշելը, բնականաբար ճիշտ չէ, քանի որ մենք՝ հայերս, Առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, վրացիները՝ ուղղափառ, բայց չեմ էլ մեղադրում՝ հենց այդ ոչ աշխատանքային օրերի պատճառով: Միանշանակ ընդունում եմ, երբ, անկախ ամեն բանի՝ տոնը նշում են հայկական եկեղեցու հետ»,- եզրափակում է ուսուցչուհին: