Կկառուցենք առաջին երկնաքերը Թբիլիսիում․ Մեձմարիաշվիլի

Բնակարանների առք ու վաճառքով զբաղվող m² ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Մեձմարիաշվիլին հայտնել է, որ Թբիլիսիում կկառուցվի առաջին երկնաքերը, որտեղ կտեղակայվի մինչև 500 բնակարան։

Forbes հաղորդման եթերում, խոսելով Վրաստանում անշարժ գույքի գների մասին, նա ասել է, որ բնակարանների գինն աննշան կբարձրանա կամ կմնա նույն մակարդակին, ինչ հիմա է։

Մեձմարիաշվիլիի պարզաբանմամբ` ոլորտում մարտահրավերներն սկսվել են համաճարակի ժամանակ, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմը սրել է լոգիստիկ խնդիրները։

«Իմ կանխատեսումն այն է, որ գները, թերևս, մի քիչ էլ կբարձրանան, բայց կտրուկ աճ չի նկատվի, կամ էլ` կմնան նույն մակարդակին ու չեն նվազի։ Իսկ ահա պահանջարկը, հավանաբար, կաճի և կլինի մշտական։ Առաջիկա հինգ տարվա հեռանկարում պահանջարկը կպահպանվի»,- ասել է Նիկոլոզ Մեձմարիաշվիլին։

Նշենք, որ TBC Capital-ը կանխատեսում է, որ 2023 թվականին վաճառվող անշարժ գույքի գինը կբարձրանա 18 տոկոսով։ Նրանց իսկ կանխատեսմամբ՝ բնակարանների պահանջարկի աճի որոշիչ գործոնը կլինի միգրանտների կողմից բնակարաններ գնելու պահանջարկի ավելացումը։