Լարսն այսօր․ կան սահմանափակումներ

Առատ ձյան պատճառով վրաց-ռուսական սահման տանող՝ «Կազբեգի-Վերին Լարս» ավտոճանապարհին արգելվել է բեռնատարների երթևեկը։

Տեղեկությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։

Կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժն արգելվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու՝ Գուդաուրի-Կոբի հատվածում։ Մնացած տրանսպորտի համար սահմանափակումներ չկան։

Խնդրահարույց հատվածներում ծառայություն են իրականացնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Հայտարարությունում հորդորում են քաղաքացիներին՝ ենթարկվել ճանապարհային ոստիկանի պահանջներին ու առավելագույն կերպով պահպանել երթևեկության կարգը։

Հիշեցնենք՝ խոսքը Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող այս պահին միակ ցամաքային ճանապարհի մասին է, որին հատուկ են այս սեզոնի սահմանափակումները։