«Մարդ պատվիրելը» չի հետաքննվի. դատախազությունը կքննի ձայնագրության տարածումը

Վրաստանի դատախազությունը «Պիրվելի» հեռուստաընկերության հրապարակած ձայնագրության հետ կապված, որտեղ լսվում է գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու Բերա Իվանիշվիլիի հեռախոսազրույցը, հետաքննություն է սկսել՝ մասնավոր զրույցի ապօրինի լսման, ձայնագրման ու տարածման հոդվածով:

«Վրաստանի գլխավոր դատախազությունը՝ հանրայնորեն տարածված գաղտնի ձայնագրությունների հիման վրա, հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին  և 2-րդ մասերով»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Դատախազությունը որևէ կերպ չի անդրադարձել՝ արդյո՞ք կհետաքննվի հավանական բռնությունն անչափահասի նկատմամբ, ինչի մասին խոսվում է ձայնագրության մեջ:

Դատախազության հաղորդմամբ, գործի շուրջ ընթացող հետաքննության շրջանակներում բոլոր անհրաժեշտ հետաքննական գործողությունները կիրականացվեն՝ ձայնագրությունները գաղտնալսելու և տարածելու ուղղությամբ:

Հիշեցնենք` ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության` իրենք գաղտնի ձայնագրություն են ստացել, որում Վրաստանի իշող թիմի ֆորմալ առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերան և Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին պատվիրում են մի քանի անձանց` այդ թվում անչափահասի պատժել` սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողնելու համար:

Ձայնագրության հանրայնացումից հետո ընդդիմության աջակիցներն ու քաղաքացիական հասարակությունը բողոքի ցույցեր են անցկացրել Թբիլիսիում, պահանջել Ղարիբաշվիլիի հրաժարականը:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել հետաքննել՝ արդյոք ձայնագրությունում հնչեցվածը համապատասխանում է իրականությանը: Թեմայի հետ կապված կոչով էին հանդես եկել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ։ Իշխանությունը, «Վրացական երազանքը» հայտարարություն էր տարածել, որ ձայնագրությունն իրականությանը չի համապատասխանում:

Դատախազությունը հետաքննության մեկնարկի մասին հայտարարություն  տարածեց ձայնագրության տարածումից օրեր անց միայն: