Մառնեուլցի տատիկիս հարսանիքն ու օժիտի պատմությունը

Տարիների ընթացքում մենք կտրվում ենք մեր արմատներից, քիչ ժամանակ անցկացնում մեծերի հետ և ի վերջո սկսել ենք քիչ լսել նրանց: Հաճախ եմ կարոտում տատիկիս հետ զրույցներն ու նրա պատմածները: Այս անգամ որոշել եմ տատիկիս պատմածով կիսվել ձեզ հետ:

Տատիկս ութսունութ տարեկան է և պատմում է, թե ինչ տեղի ունեցավ իր հարսանիքի օրը: Համն ու հոտը պահելու համար, ներկայանցնում եմ հենց իր բառերով.

«1954 թվականի փետրվար ամիսն էր: Որոշեցին հըրսանքիս օրը. ինձ էն վախտ ո՞վ էր բանի տեղ դնում, հերս ու ախպերս համաձայն էին՝ հերիք էր:

Ամեն ինչ պատրաստ էր: Գեղի ամենաճոխ հըրսանիքն էր՝ գարու հացը թխած, տոլմի միսն էլ կացնով ծեծել էին, պատրաստել:

Օժիտս էլ էր պատրաստ: Էն վախտ սհե ադաթ կար. տասն օր առաջ իմ կոխկի բարեգամնին ինձ հրավիրում էին, ամենքը մի նվեր տալիս՝ մինը մի կաստրուլկա, մինը մի պղինձ, մինը մի լխանկա… Դե հըրսանիքիս նվերնին էլ ավելի ճոխ՝ բիձուս տղեն՝ վեց հատ մկրատ, ընկերուհիս՝ էրկու հատ ափսե (դեռ մինչև հմի պահում եմ էդ սաղ), բիձես մի ջեջիմ (կարպետ), կիսուրիս կոխկի խալխը մսի մաշնա էին նվեր բերել, սաղ գեղը թմաշա էր եկել, ինչ գլուխդ ցըվացնեմ՝ մի հարուստի հըրսանիք:

Օժիտս բարձեցին սելին, մերս իրա ախպոր փեսին նշանակեց օժիտ տանող, քանի որ տանողին նվեր էին տալիս (օժիտս լավն էր, լավ օժիտին սարոչկա էին տալիս):

Օժիտը հըրսանքից առաջ էին տանում: Հըրսանիքը զուռնա-դհոլով տարան, ես էլ միամիտ րեխա՝ մտածում եմ եփ տի հըրսանիքը պրծնի, որ գնամ նրանց տները տենամ, (տներ էլ ո՞րն ա, մի բուն), ախր ինձանից աղաք քիրս գնացել էր, նրա տան կեսը գոմեշնի էին կապում, էն կռանն էլ մի 15 հոգի մի տեղ քնում էր:

Գնացին տեհանք սելը դեռ դռանը կանգնած ա, օժիտն էլ վրեն բարձած:

Դու մի ասի, օժիտը որ բերել են, գիդեմ ոչ՝ տալներս, թե՞ կեսուրս, ղիմիշ չեն արել սարոչկա նվեր տան օժիտ բերողին, վիր են կալե մի ջուխտ նասկի տվել: Օժիտ բերողն էլ նեղացել ա՝ օժիտը տալիս չի էլե:

Կեսուրս մի պաչոտնի, դելավոյ փեսա ուներ, անունը Վաչեն: Սա աղաք էկավ չրացած, թե էս օժիտը խի չեք դրդակել. օժիտ բերողն էլ ընդիան ասում ա թե՝ «իմ բերած օժիտը սարոչկի ա, սրանք բերել եմ մի ջուխտ նասկի տվել»:

Հմի մինն ասում ա դրդակի, բերողն էլ թե՝ հետ եմ տանում, դուք իմ օժիտին արժանի նվեր չեք տվել:

Էլ ինչ գլուխներուդ ցվացնեմ, էս մեր փեսա Վաչենը չփարիցը մի բհիր ա հանում ու հարձակվում օժիտ բերողի վրա: Տալիս արին-լվիկ ա անում, նա էլ սրան ա տալիս ու փախչում, մի կերպ դուս ա պրծնում, փեսա Վաչենն էլ կացինը վիր ա ունում ու դբա դրանց տուն գնում՝ «սպանիլ տիմ, որ սպանիլ տիմ դրան»:

Էդ կռվի վրա փեսեն էլ ձեռս թողուց վազեց օգնության, ծվոց-ճչոց, շունը տիրոջը ճընանչում չի, մնացել եմ մենակ՝ էդ կալումը կանգնած, պուճուր ախպորս ձեռը ղայիմ բռնել եմ, բալքի նա էլա կոխքիս կենա, համա նա էլ վախիցը դուս պրծավ, գնաց: Մնացի մեն-մենակ կանգնած:

Մի երկու ժամ մենակ կանգնելուց յեդը մի կերպ էկան տուն տարան:

Մի խոսքով, օժիտ տանիլը դառավ «Մի կաթիլ մեղրի պատմությունը»:

Դրանից յեդն էլ մի քանի տարի ազգի մենձերի հետ չխոսկան եմ կացել, տուն էկած ղոնաղի ոտներն էլ սուս ու փուս լվացել:

Տհենց էլ հըրսանիքս փոզմիշ էլավ, այ բալա», — վերջում հոգոցով հավելում է  տատիկս:

Այ թե ինչպիսի ավանդույթներ են եղել տատիկիս ժամանակներում:

Հեղինակ՝ Թամարա Սարգսյան, գ. Դամիա, Մառնեուլի

«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։