Մեծամասնական պատգամավորներից պահանջում են չաջակցել ռուսական օրինագծերին

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզում գործող հասարակական կազմակերպությունները (ՀԿ), ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ակտիվիստները դիմել են տարածաշրջանից ընտրված խորհրդարանի մեծամասնական պատգամավորներին՝ Գոգի Մեշվելիանիին, Զաուր Դարգալիին և Իրակլի Շատակիշվիլիին։

Հայտարարության մեջ նշել են, որ կտրականապես դեմ են «Օտարերկրյա ազդեցության գործակալների» օրենքների նախագծերին, ինչպես նաև` նույն օրենքի այլընտրանքային տարբերակներին։

«Հարգելի մեծամասնականներ, ոչ վաղ անցյալում բոլորս հպարտանում էինք տարածաշրջանի ուժեղ քաղաքացիական սեկտորով։ Քվեմո Քարթլի եկած միջազգային պատվիրակությունները հպարտությամբ քայլեցին ձեզ հետ՝ ծանոթանալու համար մեր նախագծերի արդյունքներին։ Նաև բոլորս հպարտ էինք, որ մարզից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող երիտասարդների թիվն ավելացել է։ Այս բարի գործին նպաստեցին համայնքային կազմակերպությունները, որոնց ղեկավարներն անգամ իրենց տները նվիրեցին նշված կրթական գաղափարին»,- գրել են հայտարարության հեղինակները:

Ըստ հայտարարության հեղինակների՝ իրենք ցանկանում են շարունակել ծառայել համայնքին, ցանկանում են հնարավորինս շատ մարդկանց կյանքը փոխել դեպի լավը.

«Բոլորս տեսանք վերականգնված մանկապարտեզներ, խմելու ջրի համակարգեր, ուժեղացված տեղական ձեռներեցություն, կանաչ տարածքներ քաղաքացիական սեկտորի հետ համագործակցությամբ։ Սա ընդամենը փոքր ցանկն է այն ծրագրերի, որոնք մենք կարողացանք իրականացնել մեր գործընկեր երկրների և դոնորների օգնությամբ։ Նրանց աջակցության արդյունքն է նաև այն, որ տարածաշրջանում կա քաղաքական ազդեցությունից զերծ տեղական լրատվամիջոց»:

Հայտարարության հեղինակները նշել են, որ օրինագծերը, որոնք կրկնությունն են Ռուսաստանի Դաշնության մոտեցումների, Վրաստանին զրկում են զարգանալու հնարավորությունից։

«Այսօր մենք միասին գրում ենք Վրաստանի նորագույն պատմությունը և խնդրում ենք հավատարիմ մնալ այն գաղափարին, որին հավատարիմ ենք եղել 30 տարի։ Չկա Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար ավելի կարևոր դիրքորոշում, կարգավիճակ։ Մի պաշտպանեք ռուսական օրինագծերը, որոնք զրկում են երկրին իր ապագայից»,- նշված է հայտարարության մեջ:

Իշխանությունը փորձում է երկիրը վերադարձնել ռուսական տարածք. Նանուաշվիլի