Կրթության նախարարության հաղորդմամբ՝ որոշում է կայացվել ուսուցիչների վարձատրության կարգով նախատեսված անցումային շրջանը մինչև 2027 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու մասին։
Մասնավորապես, առաջատար ուսուցիչը/հատուկ ուսուցիչը սխեմայով սահմանված գործառույթը կատարելու իրավունք կունենա միայն մեկ դպրոցում, իսկ մենթոր ուսուցիչը/հատուկ ուսուցիչը՝ նախարարության միայն մեկ տարածքային մարմնի գործող տարածքում։ Մինչև 2027 թվականի հունվարի 1-ը նշված անձինք կարգավիճակին համապատասխան ֆունկցիոնալ հավելավճարը ստանալու են բոլոր այն հանրային դպրոցներում, որտեղ աշխատում են որպես առաջատար կամ մենթոր ուսուցիչ/հատուկ ուսուցիչ։
Ավելի կոնկրետ՝ եթե ուսուցիչը «առաջատար» կամ «մենթոր» կարգավիճակ ունի և դասավանդում է մեկից ավելի հանրային դպրոցներում, իր կարգավիճակի համար նախատեսված լրացուցիչ հավելավճարը կստանա բոլոր այդ դպրոցներից (մինչև 2027 թ. հունվարի 1-ը),անկախ այն հանգամանքից, որ այդ կարգավիճակի պարտականությունները պարտավոր է կատարել միայն մեկ դպրոցում կամ շրջանում։
Նաև մինչև 2027 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է անցումային շրջանն այն հարցի առնչությամբ, որի համաձայն կատարվում է ուսուցչի աշխատավարձի հին ու նոր կարգով հաշվարկված գումարների համեմատությունը և համապատասխան տարբերության լրացումը։ Թարմացված կարգով տարրական դասարանների ուսուցիչները, որոնք ձեռք են բերել I-IV դասարաններում համակցված ուսուցանելու իրավունք և տարրական աստիճանում դասավանդում են շախմատ կամ «Ես և հասարակությունը» առարկան, աշխատավարձը ստանալու են համապատասխան կարգով։