Նոր շտամից 1000-ից 10-ը կարող են մահանալ. Կուլումբեգով

Իմունոլոգ, ալերգոլոգ Բիձինա Կուլումբեգովն անդրադարձել է կորոնավիրուսհի նոր շտամին՝ Օմիկրոնին: Նրա խոսքով, եթե թույլ ու անպատրաստ իմունային համակարգով անձանց մոտ գրանցվեն կորոնավիրուսի նոր շտամով վարակման դեպքեր, 1000 վարակվածներից 10-ը կմահանան:

Ըստ Կուլումբեգովի, Վրաստանում Օմիկրոնի տարածման դեպքում վիրուսի հայտնաբերման դեպքերը կարող են գերազանցել օրական 10 հազարը, ինչը Վրաստանի առողջապահական համակարգի համար իրական աղետ կլինի։

«Սա տխուր իրականություն է, որի մասին պետք է տեղեկացնենք մեր բնակչությանը, լուծում կա, որոշում կայացնենք որքան հնարավոր է շուտ»,- նշել է նա։

Կուլումբեգովի խոսքով, երկրի բնակչության մեծ մասը խոցելի է կորոնավիրուսի նկատմամբ. Վրաստանը մեկ շնչի հաշվով վարակվածների առաջին հնգյակում է.

«Չափահաս բնակչության 43%-ը պատվաստվել է մեկ, իսկ 36%-ը՝ երկու դոզայով։ Սա ընդհանուր բնակչության շատ ցածր թիվ է՝ մոտ 28%, մենք չենք կարող ավելիին հասնել համաշխարհային վիճակագրության համեմատ։ Վարակվածների դեպքում մեզնից առաջ են ընդամենը մի քանի գաճաճ պետություններ, ինչպիսին է օրինակ՝ Ջիբրալթարը և այլն։ Ուստի, մյուս կողմից, մեր երկրում կա որոշակի իմունային շերտ։ Սակայն մեր բնակչության 50 տոկոսից ավելին (մեկուկես միլիոնից ավելի քաղաքացի) գտնվում են խոցելի խմբում»։

Կուլումբեգովն ընդգծել է այն, որ որքան շատ մարդիկ պատվաստվեն, այնքան մահացության և վարակման ցուցանիշը կնվազի։ Նրա խոսքով, Վրաստանը մեկուսացված երկիր չէ, հետևաբար, վաղ թե ուշ երկիր մուտք կգործի կորոնավիրուսի նոր շտամը։

Կորոնավիրուսի նոր Օմիկրոն շտամը գրանցվել է առաջին անգամ Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 25-ին: Բազում երկրներում, այդ թվում նաև Վրաստանում սահմանվել են նոր հակահամաճարակային սահմանափակումներ։ Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ նոյեմբերի 28-ից ութ երկրներից Վրաստան ժամանող անձինք պարտավոր են 14-օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր