Օմիկրոնը Վրաստանում համեմատաբար նահանջել է․ Գաբունիա

Վրաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածվածությունը համեմատաբար նահանջել է, կորոնավիրուսով վարակման դեպքերը ևս նվազել են։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ 

«Օմիկրոնի ալիքը նահանջել է, փորձագետների փոխանցմամբ՝ դեպքերը այս շաբաթ կնվազեն։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա այսօր առավոտյան գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 000 դեպք, ինչը անցած շաբաթվա համեմատ քիչ է (անցած շաբաթ երեքշաբթի օրը գրանցվել է կորոնավիորսով վարակման 24 000 դեպք)։ Այս թվերը, վկայում են այն մասին, որ հիվանդությունը համեմատաբար նահանջել է, սակայն չենք կարող վստահ ասել, որ պիկը հաղթահարված է», — ասել է Գաբունիան։

Փորձագետները հայտնում են, որ Վրաստանում կորոնավիրուսի 6-րդ ալիքի երեք սցենար է սպասվում։ Դրանցից մեկի համաձայն՝ երկիրն արդեն հասել է օմիկրոն վարակի պիկին, և դեպքերի թիվը կշարունակի նվազել առաջիկա օրերին։ Սակայն եվրոպական փորձը չի բացառում բացասական սցենարների զարգացումը։