Օրենքը հեղինակազրկում է Վրաստանը. ՄԱԿ-ում երիտասարդության ներկայացուցիչներ

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Վրաստանի երիտասարդության նախկին ներկայացուցիչներն արձագանքել են Վրաստանի խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա պետության շահերի կրողի» մասին օրենքին, որը հայտնի է որպես ռուսական օրենք:

Հատկանշական է, որ հայտարարությանը միացել է նաև «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը, որը նշված պաշտոնը ՄԱԿ-ում զբաղեցրել է 2017-2018 թվականներին:

Հայտարարության համահեղինակները կարծում են, որ նշված օրենքի վերջնական ընդունումը չափազանց կվնասի Վրաստանի երկարաժամկետ շահերին, կխոչընդոտի նրա ժողովրդավարական զարգացմանը և եվրաինտեգրման գործընթացին։ Նրանք նաև նշել են, որ այդ որոշումն ավելի կհեռացնի Վրաստանը իր հավատարիմ ընկերներից և գործընկերներից ու բացասական ազդեցություն կունենա Վրաստանի միջազգային դիրքերի և հեղինակության վրա, այդ թվում՝ ՄԱԿ-ում։

Նրանք ընդգծել են, որ Վրաստանում գործող քաղաքացիական և լրատվական կազմակերպություններն անգնահատելի աշխատանք են կատարում երկրի և նրա քաղաքացիների, այդ թվում՝ մեր երիտասարդության համար:

«Այս ամենն արվում է արևմտյան երկրների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Ուստի անթույլատրելի և անընդունելի ենք համարում քաղաքացիական հասարակությանն ու դոնոր կազմակերպություններին որևէ կերպ խարանելը, վարկաբեկելը և նրանց նկատմամբ անհիմն սահմանափակումներ կիրառելը։

Պետք է հաշվի առնել նաև, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանում գործող երիտասարդական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի գործունեության վրա, որոնք միջազգային հիմնադրամների աջակցությամբ իրականացնում են երկրի համար շատ կարևոր խնդիրներ, այդ թվում՝ Վրաստանի հազարավոր քաղաքացիների մասնագիտական ​​և ակադեմիական զարգացման հնարավորություններ ընձեռելով: Հաշվի առնելով այս ամենը՝ մենք դատապարտում ենք իշխող կուսակցության որոշումը, միանում ենք երկրում շարունակվող քաղաքացիական բողոքին և կոչ ենք անում կառավարությանը անհապաղ հետ կանչել օտարերկրյա տերության շահերի կրողի մասին առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը ստորագրողների ցանկը ստորև.

Գիորգի Ճեխանի՝ 2012-2013 թթ.
Թոռնիկե Զուրաբաշվիլի՝ 2013-2014 թթ.
Լաշա Շակղուլաշվիլի՝ 2014-2015 թթ.
Մարիամ Սիխարուլիձե՝ 2015-2016 թթ.
Թաթիա Դոլիձե՝ 2016-2017 թթ.
Գիորգի Թումասյան՝ 2017-2018 թթ.
Լիկա Տորիկաշվիլի՝ 2018-2019 թթ.
Էսմա Գումբերիձե՝ 2019-2020 թթ.
Նինո Գոգոխիա՝ 2021-2022թթ.

Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր:

Քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն օրենքն անվանում է ռուսական և կարծում է, որ իշխող կուսակցության նպատակն է սահմանափակել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ աշխատող կազմակերպությունների իրավունքները և արգելափակել Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։

Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Վրաստանի՝ դեպի Եվրամիություն առաջընթացի վրա։