Օրինագիծը հակասում է Վրաստանի եվրատալանտյան նկրտումներին. Գամկղրելիձե

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) նախկին ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, եթե Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունն ընդունի «գործակալների» մասին օրենքը, ապա ինքը չի կարող խոսել, քանի որ կդառնա «գործակալ»:

Գամկղրելիձեն վստահ է, որ խորհրդանն այն չի ընդունի։ Ըստ նրա՝ օրենքը սկզբունքորեն հակասում է Վրաստանի եվրատալանտյան նկրտումներին։

«Վստահ եմ, որ Վրաստանի խորհրդարանը չի ընդունի «Օտարերկրյա գործակալների» փաթեթը, քանի որ այն հակասում է եվրատլանտյան տարածքի հնարավորինս շուտ անդամ դառնալու մեր պատմական ցանկությանը։

Ես չեմ հավատում, որ Վրաստանի խորհրդարանը կարող է դեմ գնալ վրաց ժողովրդի ցանկությանը, քանի որ Վրաստանի բնակչության 85 տոկոսը, ըստ տարբեր գնահատականների և հանրաքվեների՝ ցանկանում է, որ մենք լինենք Եվրամիության և եվրատլանտյան տարածքի անդամ։ Վրաստանի խորհրդարանը չի կարող դեմ գնալ: Ես հասկանում եմ, որ դա որոշակի խմբի նախաձեռնությունն է, բայց վստահ եմ, որ խորհրդարանականների մեծամասնությունը դա չի ընդունի»,- ասել է Գամկղրելիձեն։

«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: 

Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։

Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:

Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։