Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպան Ամիտ Կումար Միշրային։
Ընդգծվել է Վրաստանի և Հնդկաստանի միջև աճող համագործակցությունը.
«Դրական եմ գնահատել Թբիլիսիում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության բացումը և շնորհավորել Ամիտ Կումար Միշրային Վրաստանում Հնդկաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ։
Ընդգծել եմ Վրաստանի և Հնդկաստանի միջև աճող համագործակցությունը։ Դրականորեն հիշատակել եմ անցյալ տարի Հնդկաստան կատարած արդյունավետ պաշտոնական այցը։
Խոսել ենք երկու երկրների միջև երկկողմ համագործակցության մասին։ Ուշադրություն ենք դարձրել խորհրդարանական կապերի հետագա ուժեղացմանը։ Այս համատեքստում նշել ենք, որ Հնդկաստանի խորհրդարանում ձևավորվել է Վրաստանի հետ բարեկամության խումբ։ Հաստատել եմ, որ Վրաստանի խորհրդարանը բաց է փոխանակումների համար ինչպես բարեկամության խմբերի, այնպես էլ ոլորտային հանձնաժողովների միջև։
Հանդիպմանը խոսվել է նաև առևտրի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ուղղություններով համագործակցության մասին։ Դեսպանը նշել է, որ հնդկական շատ ընկերությունների համար հետաքրքիր կլինի Վրաստանի հետ համագործակցությունը, հատկապես դեղագործության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Հնդկաստանի դեսպանը վերահաստատել է Հնդկաստանի Հանրապետության անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- սոցիալական ցանցում գրել է Պապուաշվիլին։