Սաակաշվիլին կոչով դիմել է Իվանիշվիլիին

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին ուղղված կոչ է հրապարակվել։ 

«Ես դիմում եմ Իվանիշվիլիին՝ կողպեք պատուհաններն ու սևացրեք, կտրեք հեռախոսակապը. դու ոչ միայն ինձ դատարան, այլ նաև հիվանդանոց տեղափոխելուց ես վախենում»,- գրված է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում:

Սաակաշվիլին հավելել է, որ համարձակության դեպքում իշխանություններն իրեն կտանեին այսօրվա հանրահավաքին և տեղում բանավեճ կանցկացնեին։ 

Նշենք, որ իշխող «Վրացական երազանք»-ն այսօր երեկոյան հանրահավաք է կազմակերպել Թբիլիսիի Ազատության հրապարակում։ 

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին։ Նա հացադուլի մեջ է արդեն 27 օր։  Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկելու համար ստեղծվել է բժշկական խորհուրդ, որտեղ աշխատում են տարբեր ոլորտների մասնագետներ։ 

Հատկանշական է նաև, որ բազմաթիվ հայտարարություններ են արվել թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ քաղաքական կուսակցությունների կողմից՝ Միխեիլ Սաակաշվիլիին քաղաքային հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ 

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր