Ուկրաինայի հանրային պաշտպանը դժվարությամբ է մուտք գործել Վրաստան

Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովային, ով Վրաստան էր ժամանել նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի, կալանավորված Միխեիլ Սաակաշվիլիին տեսակցության նպատակով, ավելի քան 40 րոպե սահմանին սպասեցրել են: Այս մասին Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է Սաակաշվիլիին տեսակցությունից հետո:

«Պետք է նշեմ, որ երեկ 40 րոպե է տևել հարցումն այն մասին, թե ինչու եմ եկել Վրաստան, և միայն զանգերից ու սպառնալիքներից հետո ազատ արձակեցին։ Այնպես որ, ամեն ինչ այդքան էլ պարզ չէ», — նշել է Դենիսովան։

Հարկ է նշել, որ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովեցին ևս չեն թողել մուտք գործել Վրաստան: Ուկրաինացի փաստաբանին Թբիլիսիի օդանավակայանում հարցաքննելուց հետո հետ են ուղարկել Ուկրաինա։

Ուկրաինայի հանրային պաշտպան Լյուդմիլա Դենիսովան Վրաստանի նախկին նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ խախտվել են առողջության, դատավարական և կրոնական իրավունքները:

Դենիսովան հայտարարել է նաև, որ քրեակատարողական հիմնարկում երրորդ նախագահի հանդեպ մարդու իրավունքների խախտումներն ակնհայտ են, և ինքը նամակ կգրի Վրաստանի արդարադատության նախարարին, իսկ Ուկրաինա վերադառնալուց հետո էլ կփորձի հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և տեղեկություններ կտրամադրի Սաակաշվիլիի վիճակի մասին։

Նշենք նաև, Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնն այսօր առավոտյան Կիևից ինքնաթիռով ժամանել է Թբիլիսի, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր