Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնին արգելել են մուտք գործել Վրաստան

Ուկրաինացի լրագրող Դիմիտրի Գորդոնն այսօր առավոտյան Կիևից ինքնաթիռով ժամանել է Թբիլիսի, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ 

«Մեկ ժամ առաջ ժամանեցի Թբիլիսի, այս ամբողջ ընթացքում անձնագրումս կնիքի էի սպասում։ Հենց նոր ինձ պաշտոնապես ասացին, որ ինձ արգելում են մուտք գործել Վրաստան։ Պատճառը չի նշվում։ Ես այս փաստը միանշանակ կապում եմ այն բանի հետ, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Ռուսթավի բանտում կազմակերպելու իմ հանդիպումը Միխեիլ Սահակաշվիլիի հետ»,- գրել է Գորդոնը՝ ընդգծելով, որ կատարվածը միջազգային սկանդալ է և ամոթալի՝ Վրաստանի կառավարության համար։ 

Ըստ տեղեկությունների՝ Դիմիտրի Գորդոնից բացի Վրաստան մուտք գործել թույլ չեն տվել նաև Գորդոնի կնոջը՝ Ալիսիա Բացմանին, Միխեիլ Սաակաշվիլիի գրասենյակի ղեկավար Մարիա Բարաբասումին և նրա տեղակալ Եվգենի Սուշենկոյին, ովքեր Թբիլիսի էին գալիս Գորդոնի համաժողովին մասնակցելու համար։ 

Ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովեցին ևս թույլ չէին տվել մուտք գործել Վրաստան։ 

Իսկ Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան ասել էր, որ իրենց 40 րոպե սպասեցրել են և միայն որոշակի զանգերից ու սպառնալիքներից հետո են թույլ տվել հատել սահմանը։ 

Հատկանշական է, որ Ներքին գործերի նախարարությունը դեռ չի արձագանքել այս միջադեպերին։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր