Շվեյցարիայի դեսպանը խոսել է Վրաստանի և ՌԴ-ի առաջին դեմքերի հնարավոր հանդիպման մասին

Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Պատրիկ Ֆրանցենի հայտարարությամբ Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը որոշ չափով նպաստել է երկրների միջև լարվածության նվազմանը:

«Երկու նախարարների հանդիպումը շատ կարևոր էր: Շատ կարևոր է, որ նմանատիպ դժվարին պահերին կողմերը դիմում են դիվանագիտությանն ու երկխոսությանը: Երկխոսությունը չի նշանակում անպայման համաձայնության հասնել, սակայն, երբ ունես շատ դժվար խնդիրներ, երկխոսությունը պարտադիր է»,- հայտարարել է Ֆրանցենը:

Դեսպանը նաև խոսել է Վրաստանի և Ռուսաստանի առաջին դեմքերի հնարավոր հանդիպման մասին:

«Ինչպես գիտեք, մենք շատ զգույշ ենք և միայն այն ժամանակ կակտիվանանք, երբ տեսնենք, որ դրա անհրաժեշտությունը երկու կողմն էլ ունի: Դեռևս հանդիպման վերաբերյալ պահանջ չենք ստացել»,- interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է Շվեյցարիայի դեսպանը:

Նկատենք, որ Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները տևական ընդմիջումից հետո հանդիպեցին այս տարի սեպտեմբերին Նյու Յորքում։