Տարածքն աղտոտելու համար տուգանքը կրկնապատկվել է

Recycling garbage and reusable waste management as metal, plastic, old paper products to be reused

Վրաստանի փողոցներում, տրանսպորտում, բակերում և այլ վայրերում աղբ թափելու համար սահմանված տուգանքները կրկնապատկվում են:

Թափոնների կառավարման օրենսգրքում փոփոխությունները մտցվել են հուլիսի 13-ին, Վրաստանի խորհրդարանի կողմից:

Ըստ փոփոխությունների՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:

Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը 120 լարիի փոխարեն կկազմի 250 լարի:

Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով  շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը նախկին 150 լարիի փոխարեն կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000-ի փոխարեն 1500 լարիով:

Շան կղանքը չմաքրելու համար սահմանված է 100 լարիի չափով տուգանք:

Շրջակա միջավայրը մինչև հինգ անվադողով աղտոտելու համար սահմանված է տուգանք`  150-ի փոխարեն 500 լարիի չափով, իսկ 5 անվադողից ավելիի դեպքում` 500-ի փոխարեն 2000 լարիի չափով:

4 անգամ աճել է մեծ ծավալների թափոնով միջավայրն աղտոտելու (օրինակ` տրանսպորտային միջոց) տուգանքը. այս դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իսկ իրավաբանականը` 6000 լարիով: