Թբիլիսիի ուղարկած մարդասիրական օգնությունն Անկարայում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությունը տեղ է հասել: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարությունը:

Ըստ նախարարության՝ ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է առաջին օգնության պարագաներ, դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, մանկական սնունդ, շտապօգնության անձնակազմի պարագաներ, համազգեստ, տաք հագուստ, վրաններ, գեներատորներ, քնապարկեր, չոր սնունդ, պահածոներ և այլ պարագաներ։

Նշվում է, որ մարդասիրական օգնությունը դիմավորել են Անկարայի փոխնահանգապետ Էդիզ Սուրուջուն, Անկարայի սոցիալական աջակցության և համերաշխության հիմնադրամի տնօրեն Բարիշ Յավուզը, Թուրքիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Ջանջղավան և այլք:

«Վարչապետի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն լարի է հատկացվել Թուրքիայում տարերային աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Մարդասիրական օգնությունը մոբիլիզացվել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարարության կողմից։

Բեռների մի մասը փոխադրվել է պաշտպանության և առողջապահության նախարարությունների պաշարներից»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ։