Վրաց հասարակության կարծիքը երկրի մասին. NDI-ի հարցումների արդյունքը

Այսօր՝ հունվարի 16-ին հրապարակվեցին Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցումների արդյունքները, որոնք մեղմ ասած պետք է անհանգստացնեն, թե  Վրաստանի իշխանությանը և թե բնակչությանը:

Հարցումներն անցկացվել են տարբեր թեմաների շուրջ, օրինակ երկրի արտաքին և ներքին քաղաքականության, քաղաքական դեմքերի, նախարարությունների, դատարանի, խորհրդարանի և այլ ինստիտուտների վերաբերյալ:

Երկրի ուղղությունը և ժողովրդավարություն բաժնում արձանագրվել է երկու վատ ցուցանիշ, որը երկար տարիների ընթացքում երկրում չէր գրանցվել:

Այսպիսով, հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում, 24 տոկոսը մտածում է, որ ընդհանրապես չի զարգանում, իսկ 19 տոկոսի կարծիքով երկիրը ճիշտ ուղղությամբ է զարգանում:

Վերջին 10 տարում առաջին անգամ Վրաստանի բնակչության 59 տոկոսը կարծում է, որ երկրում ժողովրդավարություն չկա: Վրաց հասարակությունն այժմ ավելի քննադատական է տրամադրված, քան նախորդ իշխանության տարիներին՝ 2010, 2011 և 2012 թվականներին:

Վրաստանի կառավարությունը: Ըստ հարցումների Վրաստանի կառավարության վարկանիշը սկսած 2018 թվականի դեկտեմբերից նվազում է: 2019 թվականի նոյեմբերի դրությամբ երկրի բնակչության 64 տոկոսը բացասական է գնահատում կառավրության աշխատանքը: Դրական է գնահատում 30 տոկոսը:

Խորհրդարանը: Վատ արդյունք է գրանցել նաև Վրաստանի խորհրդարանը: Բնակչության 57 տոկոսը վատ գնահատական է տվել երկրի օրենսդիր մարմնի աշխատանքին: Խորհրդարանի աշխատանքը լավ է գնահատում հարցվածների ընդամենը 9 տոկոսը:

Դատարանը: Վրաստանի բնակչությունը վատ է գնահատել նաև երկրի դատարանների գործունեությունը: 45 տոկոսը կարծում է, որ դատարանները վատ են աշխատում, 10 տոկոսը՝ լավ, 29 տոկոսը՝ միջին:

Բանակը և ոստիկանությունը: Ինչ վերաբերում է բանակին և ոստիկանությանը, այս ինստիտուտների հանդեպ բնակչության վերաբերմունքը գրեթե չի փոխվել:

Եկեղեցին: Աննախադեպ ցուցանիշ է գրանցվել եկեղեցու վերաբերյալ հարցերի ընթացքում: Այս բաժնում առաջին անգամ բնակչության միայն 50 տոկոսն է լավ գնահատում եկեղեցու աշխատանքը, մինչդեռ առաջ այս ցուցանիշը տատանվում էր 60-70-ի սահմաններում:

Նախարարությունները: Ինչ վերաբերում է նախարարություններին, բոլոր 11 նախարարությունների հանդեպ Վրաստանի բնակչության վերաբերմունքը վատացել է: Առավել վատ գնահատական են ստացել երկրի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը:

Վարչապետը: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի աշխատանքը երկրի բնակչության 35 տոկոսը վատ է գնահատել, ինչը գերազանցում է նախորդ երկու վարչապետերի վատ ցուցանիշներին: Վարչապետի աշխատանքը միջին է գնահատում հարցվածների 34 տոկոսը, լավ 21 տոկոսը, «չգիտեմ» պատասխանն է տվել 10 տոկոսը:

Նախագահը: Նախագահի աշխատանքը վատ է գնահատում բնակչության 54 տոկոսը, միջին՝ 31, լավ՝ 9, «չգիտեմ» պատասխանն է տվել 6 տոկոսը:

Վերաբերմունքը քաղաքական գործիչների հանդեպ: Այս բաժնում, Վրաստանում ամենաշատ դրական վերաբերմունք է արձանագրվել Կախա Կալաձեի և Դավիթ Բաքրաձեի հանդեպ, իսկ ամենաբացասականների շարքում են Բիձինա Իվանիշվիլին և Սալոմե Զուրաբիշվիլին:

Եվրատլանտյան ինտեգրացիա: Այս բաժնում ցուցանիշը գրեթե անփոփոխ է: Վրաստանի բնակչության մեծամասնությունը շարունակում է աջակցել երկրի անդամագրմանը ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում հարցում է կատարել ողջ Վրաստանի մասշտաբով: Հարցմանը մասնակցել է 2 180 մարդ: