Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին

Վրացական մամուլի, ինչպես նաև սոցիալական ցանցերի շրջանակներում կորոնավիրուսի հետ կապված, հարևան երկրների շարքում կարելի է ասել ամենաքննարկելի թեմաներից մեկը Հայաստանն է: Ամենօրյա կտրվածքով վրաստանյան առաջատար լրատվամիջոցները ներկայացնում են Հայաստանում գրանցված վարակի տվյալները:

Այսօր՝ հունիսի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո առ այն, որ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,-վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային:

ՀՀ-ին աջակցելու առաջարկով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է.

«Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերենք նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»,- գրել է Խոշտարիան:

«Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին:

«Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարրների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»:

Հարցին անդրադարձել են նաև վրացի  ակտիվիստները, հասարակական գործիչները: Հայաստանին օգնելու կոչերով գրառումներ են կատարել նաև ակտիվիստ Դավիթ Գիորգաձեն, Գիորգի Մոլոդինին, Նինո Բեկիշվիլին: Գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեն գրում է.

«Վրաստանը պետք է Հայաստանի կողքին կանգնի: Անթույլատրելի է մեր քույրերին ու եղբայրներին նման իրավիճակում թողնելը: Պետք է օգնենք դուրս գալ այս իրավիճակից: Միասին մտածենք, թե ինչպես ենք դա անելու»:

Ակտիվիստ Դաթո Խարշիլաձեն ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արդեն անհրաժեշտ է օգնել հայերին, սակայն պացիենտներին տեղափոխելն անթույլատրելի ու անհնար է: Կարելի է Տաշիրում կամ Ալավերդիում բացօթյա հոսպիտալ կազմակերպել, երկու բժշկական բրիգադով կօգնենք, նվազագույն կոնտակտով»:

Հատկանշական է, որ ֆեյսբուքյան և ինստագրամյան օգտատերերը մեկնաբանություններում մեծամասամբ համաձայն են Հայաստանին օգնելու հարցում, սա՝ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ կապված սոցցանցերում բարձրացած հակահայկական հայտարարությունների ֆոնին: Մեկնաբանություններում օգտատերերը քննարկում են Հայաստանին օգնելու տարբերակներ:

gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:

«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը քննարկել Հայաստանին օգնելու հարցն այս ծանր շրջանում: Օգնություն ասելով ենթադրվում է առաջարկել Հայաստանին նրանց պացիենտներին բուժել Վրաստանում: Գտնում ենք, որ սա ճիշտ քայլ կլինի հարևան պետությանն օգնելու և տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու տեսանկյունից»: