Վրաց-օսական «անցակետերը» մեկ շաբաթում 3 հազարից ավելի քաղաքացի է հատել

Օսական կողմի տեղեկությամբ՝ օգոստոսի 20-ից 28-ը Վրաստանից չվերահսկվող Ախալգորիի և Ջավայի շրջանների ուղղությամբ բացված «անցակետերից» օգտվել է 3 026 մարդ։

Վրաստանից չվերահսկվող Ցխինվալիի ուղղությամբ ազատ տեղաշարժի շուրջ երեք տարվա սահմանափակումներից հետո «անցակետերը» մասամբ բացվել են, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ամսվա 20-ից մինչև ամսվա վերջ քաղաքացիներն իրավունք կունենան տեղաշարժվելու՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

Պաշտոնական հայտարարություններում վրացական կողմը ողջունել է մարդասիրական մոտեցմամբ ձեռնարկված քայլերը և հայտարարել իր սեփական դերի մասին Ցխինվալիում ընդունված որոշման մեջ։

«Վրաստանի կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրում ապահովելու բնակչության՝ ապահով միջավայրում ապրելու և ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքը՝ օգտագործելով առկա բոլոր մեխանիզմները և սերտ համակարգելով միջազգային գործընկերների հետ»,- օրեր առաջ հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունը:

Նշենք, որ Ցխինվալիի այն ժամանակվա դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը 2019 թվականի սեպտեմբերին Ախալգորիի բնակիչների համար փակել էր վրացական կողմի ճանապարհն այն բանից հետո, երբ վրացական կողմը ոստիկանական անցակետ էր տեղադրել Ծնելի գյուղի մոտ։ Բիբիլովը պնդում էր, որ տարածքը, որտեղ տեղակայված է վրացական ոստիկանությունը, պատկանում է Հարավային Օսիային, և Թբիլիսին դրա իրավունքը չունի։

Ցխինվալին պարզեցնում է Վրաստանի հետ դե ֆակտո սահմանի հատումը