«Վրացական երազանքի» անդամները աշխատավարձի մի մասը կտրամադրեն կորոնավիրուսի ֆոնդին

Վրաստանի կառավարության անդամներն ու  իշխող «Վրացական երազանքի պատգամավորները» ամսական աշխատավարձի 1/3-րդը կփոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին:

Այս մասին ասել է կուսակցության քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Հիմնադրամին գումարներ կփոխանցի 105 մարդ՝ 93 պատգամավոր և կառավարության 12 անդամ՝ վարչապետն ու 11 նախարարներ:

«Արդեն միջազգայնորեն գնահատվել է, որ «Վրացական երազանք» իշխող թիմն առավելագույն արդյունավետությամբ է իրեն դրսևորել՝ ներկա փուլում մարտահրավերների պայմաններում, բայց կուսակցության ներսում չեն դադարում քննարկումները, թե թիմն ինչ հավելյալ օգնություն կարող է ձեռնարկել վարակի դեմ պայքարում», — ասել է Կոբախիձեն:

Ներկայումս նշված ֆոնդի հաշվի վրա 21 միլիոն լարի է (մոտ 6,4 մլն. $), փոխանցումներ են արել ինչպես բիզնես ընկերություններն, այնպես էլ շարքային քաղաքացիներ: Հիմնադրամի առաջնահերթություններից է սոցիալապես անապահով ընտանիքների աջակցությունը: