Վրացական պետհամարանիշով ավտոմեքենաների մաքսազերծման հարկի հետ կապված ՀՀ օրինագիծը խնդրահարույց է

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է օրենք ընդունել, ըստ որի` վրացական պետհամարանիշով Հայաստան մուտք գործելիս ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները պետք է մուծեն ավտոմեքենայի մաքսազերծման ողջ գումարը, որը երբեմն կազմում է մեքենայի արժեքի կրկնապատիկը կամ եռապատիկը:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը այս հարցը բարձրացրել է ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ, որին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վրաստանի քաղաքացիների դեպքում սահմանված ժամկետում օգտագործողների վրացական պետհամարանիշով ավտոմեքենայի օրինագծի փոփոխություն չի լինի։

«Եթե անձը երկքաղաքացի է, ապա այս դեպքում հաշվի է առնվում նրա Վրաստանի քաղաքացի լինելու հանգամանքը, այսինքն` անձը դիտվում է որպես Վրաստանի քաղաքացի, իսկ վրացական պետհամարանիշով ավտոմեքենան եթե Վրաստանի քաղաքացին օգտագործում է սահմանված ժամկետում, ապա որևէ մեկը չի կարող խոչընդոտ առաջացնել»,- ասել է Փաշինյանը։

Օրենքում նման փոփոխությունը մեծ արձագանք է հարուցել նաև վրացական պետհամարանիշով ավտոմեքենա ունեցող ՀՀ քաղաքացիների շրջանում։ Եթե նախկինում մուծումն արվում էր մեքենայի մաքսազերծման 2 տոկոսի չափով՝ հաշվի առնելով մեքենայի շարժիչի ծավալն ու տարեթիվը, որը  դեկտեմբերից դարձավ 4 տոկոս, հիմա նախատեսում են օրենք կիրառել, ըստ որի` քաղաքացին պետք է վճարի ամբողջ մեքենայի մաքսատուրքը։ Այս նախագծի մասին հայաստանյան Yerkir.am լրատվամիջոցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այդ օրենքը շրջանառության մեջ դնելուց հետո նաեւ կարող է խնդիրներ առաջանալ վրացական կողմի հետ, որովհետեւ Վրաստանի քաղաքացիներն այստեղ կարող են ՀՀ պետհամարանիշով մեքենաները մեկ տարի շարունակ շահագործել առանց խնդրի»,- ասել է պատգամավորն ու ընդգծել՝ հնարավոր է Վրաստանը համարժեք պատասխան տա հայկական կողմին և նույն սահմանափակումները կիրառի։

Նրա խոսքով՝ այս մեքենաների վարորդները դիմել են իրենց ու խնդրել զբաղվել այդ հարցով, քանի որ ստիպված են լինելու մեքենաները հետ տանել Վրաստան և այնտեղ էժան վաճառել` այդ հարկային բեռից ազատվելու համար։ «Մեծ վնասներ են կրելու»,- պնդել է պատգամավորը։