Ապատեղեկատվության հետքերով. «Լուգարի լաբորատորիայում բիոլոգիական և քիմիական զենք է արտադրվում»

Վրաստանում արդեն տասնամյակից ավելի է, ինչ գործում է Հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնը` առավել հայտնի որպես Լուգարի լաբորատորիա, որի գործունեության մասին հասարակության շրջանում պարբերաբար ապատեղեկատվություն է տարածվում։

ԱՄՆ-Վրաստան համագործակցության շրջանակներում Ռիչարդ Լուգարի ​​հանրային առողջության հետազոտական ​​կենտրոնի շինարարությունը սկսվել է 2004 թվականին, իսկ շենքը ամբողջությամբ շահագործման է հանձնվել 2013 թվականի օգոստոսին։ Այնուհետև բազմաթիվ աղբյուրներ տեղեկություն էին տարածում այն մասին, որ Լուգարի լաբորատորիայում բիոլոգիական և քիմիական զենք է արտադրվում։ Լաբորատորիայի հետ կապված լուրջ մտավախություններ ուներ Մոսկվան, որը Վաշինգտոնից պատասխան էր պահանջում լաբորատորիայի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ։

Թեմայի շուրջ «Ալիք Մեդիա»-ն զրուցել է տնտեսական քաղաքականության հետազոտական ​​կենտրոնի (EPRC) ավագ գիտաշխատող Շոթա Ղվիերիայի հետ։

Որտեղի՞ց է գալիս այս ապատեղեկատվությունը, ո՞վ է ապատեղեկատվության աղբյուրը և տարածողը:

Երբ խոսում ենք ապատեղեկատվության մասին, պետք է խորհենք երեք հարցի շուրջ․ ով է տարածում այդ ապատեղեկատվությունը, որն է դրա նպատակը և ինչ նպատակի է ծառայում դա։ Միայն դրանից հետո է հնարավոր վերլուծել ապատեղեկատվությունը։ Շատ կարևոր է հասկանալ, որ ապատեղեկատվություն տարածելու նպատակը ինչ-որ մեկին խաբելը չէ, դրանք ունեն նախապես մշակված նպատակ և ռազմավարություն։

Երբ խոսքը վերաբերում է բիոզենք ստեղծելուն, նման ապատեղեկատվությունը պետք է քննարկենք «առասպելի» ժանրի տրամաբանությամբ։ Սրանք հիմնականում տարածվում են առանց հիմքերի. մի կողմը սխալ տեղեկություն է հորինում կոնկրետ թեմայի վերաբերյալ անորոշություն ստեղծելու կամ մեկ այլ կողմի վարկաբեկնելու համար։ Մասնավորապես՝ ռուսական քարոզչությունը նման մեթոդով փորձում է վարկաբեկել ԱՄՆ-ի օգնությունը։

Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով են տարածվում նման կեղծիքները:

Լուգարի լաբորատորիան ներկա պահին տարածաշրջանի կարևորագույն բիոլաբորատորիաներից մեկն է։ Այս պահի դրությամբ իրականացնում է շատ կարևոր ուսումնասիրություններ, որոնք առանցքային դեր ունեն մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի համար։ Եվ քանի որ չեն կարող ասել, թե սա վատ լաբորատորիա է, բնական է` պետք է ասեն, որ վատ նպատակի է ծառայում։ Այդ իսկ պատճառով այս ապատեղեկատվությամբ ասում են, թե ԱՄՆ-ը փող է տրամադրում ոչ թե լաբորատոր զննումների, հետազոտությունների, հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ աշխատելու նպատակով, այլ Վրաստանի տարածքը օգտագործում է միջավայրի համար վնասակար այնպիսի հետազոտությունների համար, որոնք իր երկրի տարածքում չի ուզում փորձարկել։

Ո՞վ կամ ովքե՞ր են այս ապատեղեկատվությունների թիրախը:

Այսպիսի ապատեղեկատվությունների առաջնային թիրախն այն մարդիկ են, ովքեր հեշտությամբ են խաբվում, ցավոք` չեն ստուգում տեղեկությունը, այլ սահմանափակվում են մակերեսային վերնագրերով, և կարդալով միայն վերնագիրը, թե «Լուգարի լաբորատորիայում ամերիկացիները մահացու զենք են պատրաստում» խուճապի են մատնվում։ Եվ հենց նման տեքստերը բացում ես, տեսանելի է, որ ոչ փաստ կա, ոչ հավատ ներշնչող ապացույց, ոչ հիմնավորված վերլուծություն։ Եվ կարող ենք եզրակացնել, որ այս ապատեղեկատվությունը այն խմբի համար է, որը միայն վերնագիրն է կարդում և առանց ստուգելու պատմում է մտերիմներին, հարևաններին, գործընկերներին այն պատմությունը, որից ինքն էլ տեղյակ չէ։

Ինչպե՞ս կարող ենք այս և նմանատիպ այլ հակաարևմտյան նարատիվների զոհը չդառնալ:

Մենք ապրում ենք շատ բարդ տեղեկատվական դաշտում։ Այս դաշտում կան անթիվ աղբյուրներ, որոնք ամենուր են և տարբեր տեղեկություններ են տարածում։

Օրինակ, 20-րդ դարում մենք փնտրում էինք այն տեղեկությունը, որը կոնկրետ մեզ հետաքրքրում էր, փնտրում էինք գրքում, հարցնում էինք վերլուծաբանին, գիտնականին կամ հեռուստացույցից և թերթերից էինք տեղեկանում այն լուրերի մասին, որոնք կարևոր էինք համարում։ 21-րդ դարում փոխվեց իրավիճակը. այսօր տեղեկության աղբյուրն ամեն ինչն ու ամեն մեկն են, ցանկացած սոցիալական մեդիապլատֆորմ ունեցող մարդ կարող է ասել ինչ ուզում է, իսկ մյուսը կարող է հավատալ և դա որպես աղբյուր օգտագործել։

Այսօր մենք չենք փնտրում տեղեկություն, այլ տեղեկությունն է փնտրում մեզ։ Մեր առաքելությունն է տարբերակել սուտ ու ճիշտ տեղեկությունները։ Առաջին հերթին չհավատալ, երբ ասում են. «Հաստատ գիտեմ, քանի որ իմ հորեբոր որդու դասարանցին աշխատում  է այսինչ տեղը և սա տեսել է իր աչքով»։ Այսինքն, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել աղբյուրին և ամեն տեղեկություն որպես փաստ չընկալել։ Ստուգելու համար փորձեք գտնել տարբեր աղբյուրներ և հատկապես` հավաստի աղբյուրներ։

Ի դեպ, 2022 թվականի ամռանը Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին ռուսական կողմը ապատեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Ուկրաինայում և Վրաստանում գործող լաբորատորիաներից չղջիկների միջոցով վարակ են տարածում։

Հրապարակումը ստեղծվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Ալիք Մեդիա Վրաստանը, հրապարակումը կարող է չհամընկնել Եվրամիության հայացքներին:

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of EU4IM’s beneficiary Aliq Media Georgia and do not necessarily reflect the views of the European Union.