Վրացի ֆուտբոլիստները` «ռուսական օրենքի» դեմ

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներից ոմանք դեմ են արտահայտվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի նախագծին, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»:

«Եվրոպան Վրաստանի պատմական ընտրությունն է, դա ոչինչ չի կարող փոխել։ Ո՛չ Ռուսաստանին», — գրել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Գիորգի Քվիլիթաիան:

Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Բուդու Զիվզիվաձեն ֆեյսբուքյան իր էջում «գործակալների օրենքի» դեմ ցույցի ժամանակ արված լուսանկար է հրապարակել և գրել. «Ո՛չ Ռուսաստանին: Վրաստանի ճանապարհը Եվրոպայում է»:

Վրաստանի ազգային հավաքականի խաղացող Գիորգի Չակվետաձեն բողոքի ակցիաներին արձագանքել է Instagram-ի «սթորի» բաժնում՝ գրելով. «Վրաստանը՝ Եվրոպայում»:

Վրաստանի հավաքականի նախկին ավագ Ջաբա Կանկավան Instagram-ի «սթորի» բաժնում արձագանքել է օրինագծին՝ Ռուսաստանի նկատմամբ հայհոյախառն գրառմամբ:

Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանի մոտ երկու ցույց կանցկացվի ընդդեմ «ռուսական օրենքի»։ Առաջինը՝ խորհրդարանի հետնամասում 12։00-ին՝ լիագումար նիստի ժամանակ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվելու է «ռուսական օրենքը», իսկ երկրորդը՝ ժամը 19։00-ին, խորհրդարանի դիմաց։

Ապրիլի 16-ին Թբիլիսիում՝ խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքում, հատուկ նշանակության ջոկատայինները «պղպեղի սփրեյ» են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Հանրահավաքի մասնակիցները իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից պահանջում են հետ կանչել «գործակալների օրենքը»։

Օմբուդսմենի հայտարարության մեջ նշվում է, որ «ապրիլի 16-ի ժամը 22:00-ի դրությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է ուժ կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ»։

Խորհրդարանի ապրիլի 16-ի նիստում ժամը 12:00-ից քննարկվում էր «գործակալների օրենքը»։ Նիստը փակվել է ժամը 21:00-ին, իսկ օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը կրկին կշարունակվի ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից։

Վրաստանի գործընկեր երկրների և կազմակերպությունների գնահատմամբ՝ «գործակալների օրենքը» կխոչընդոտի երկրի եվրաինտեգրմանը, մինչդեռ իշխող կուսակցությունը պնդում է, որ այն եվրոպական է։

2023 թվականի մարտին զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված եղավ հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստացավ չվերադառնալ նախագծին։ «Վրացական երազանքը» օրինագիծը խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Նախագծում նա «օտար ազդեցության գործակալ» տերմինը փոխարինել է «օտար տերության շահերն կրող կազմակերպություն» բառով։