Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը երկրի 6 մարզերի 19 համայնքներում 36 մանկապարտեզի կառուցման համար մրցույթ է հայտարարել։
Գնման շրջանակներում նախատեսվում է մանկապարտեզների մանրամասն նախագծային փաստաթղթերի ճշգրտում, ապա դրանց հիման վրա շինարարական աշխատանքների իրականացում։
Ծրագրերի ընդհանուր կողմնորոշիչ արժեքը կազմում է 100 միլիոն լարի։
Նախագծերը ներառում են մանկապարտեզների կառուցում Քարելիի, Գուրջաանիի, Սագարեջոյի, Ադիգենիի, Գորիի, Կասպիի, Կղվարելիի, Լագոդեխիի, Ախմետայի, Մարտվիլիի, Աբաշայի, Խոբիի, Սիղնաղիի, Զուգդիդիի, Նինոծմինդայի, Բորջոմիի, Ծալկայի, Սամտրեդիայի և Խոնիի համայնքներում։
Ծրագրերի իրականացման արդյունքում ամբողջ երկրում կկառուցվի 36 մանկապարտեզ, որտեղ շուրջ 2000 երեխայի համար կստեղծվի ժամանակակից չափանիշներին համապատասխան, անվտանգ և հարմարավետ միջավայր։
«Մանկապարտեզների ենթակառուցվածքների զարգացումը հիմնադրամի կարևոր ուղղություններից է։ Բացի նշված 36 մանկապարտեզից, երկրի տարածքում փուլ առ փուլ նախատեսվում է նոր մանկապարտեզների կառուցում տարբեր համայնքներում։ Այս նախագծերի իրականացումը կնպաստի նախադպրոցական կրթության ենթակառուցվածքների զարգացմանը և երեխաների համար պատշաճ պայմանների ստեղծմանը։
Մունիցիպալ զարգացման հիմնադրամը համապատասխան փորձ և որակավորում ունեցող շինարարական ընկերություններին կոչ է անում հետաքրքրվել հայտարարված մրցույթներով և մասնակցել գնման ընթացակարգերին», — նշված է հիմնադրամի հրապարակած հաղորդագրության մեջ։