Վրաստանում այսօրվանից վերականգնվում են ներքին ավիաչվերթները

Վրաստանում այսօրվանից վերականգնվում են ներքին կանոնավոր ավիաչվերթները: Չվերթները կիրականացվեն Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղություններով, ինչպես նաև դեպի Մեստիա (Սվանեթի) և Ամբրոլաուրի (Ռաճա):

Հուլիսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ կիրականացվի 5 չվերթ, Մեստիա-Նատախտարի ուղղությամբ՝ 6 չվերթ, ևս 3 չվերթ կիրականացվի Ամբրոլաուրի-Նատախտարի ուղղությամբ: Օգոստոսից կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական հինգ անգամ, Ամբրոլաուրիի ողղությամբ՝ շաբաթական երեք, իսկ Բաթումիի ուղղությամբ՝ 4 անգամ:

Տոմսերի գներն այս տարի չեն փոփոխվի: Նատախտարիի, Ամբրոլաուրիի և Մեստիայի օդանավակայանները հետևելով Առողջապահության նախարարության ու քաղավիացիայի խորհրդատվություններին՝ կկահավորվեն դեզոբարիերներով, կպահպանվի սոցիալական հեռավորությունն ու կանցկացվի թերմոսքրինինգ:

Վրաստանում ներքին տուրիզմը վերականգնվել է հունիսի 15-ից: Երկրի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում այս տարի հանգստանալ Վրաստանում և նպաստել երկրի ներքին տուրիզմի զարգացմանը:

Օգոստոսի 2-ից կվերականգնվի նաև Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը, որը կիրականացնի Lufthansa ավիաընկերությունը:

Օգոստոսի 8-ից էլ Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ուղղությամբ չվերթները կվերականգնի Air France ավիաընկերությունը: