Վրաստանում բիզնես սկսելն ավելի դյուրին է, քան Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում. Bloomberg

«Այսօր նախկին խորհրդային Վրաստանում բիզնես սկսելն ավելի դյուրին է, քան Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում»: Այսպես են ամերիկյան Bloomberg ամսագրի հեղինակները մեկնաբանել Համաշխարհային բանկի Doing Business 2019 զեկույցը։

Համաշխարհային բանկի հրապարակած բիզնես վարելու դյուրինության Doing Business 2019 զեկույցում Վրաստանը 190 երկրների ցանկում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Հոդվածի հեղինակները փորձել են բացատրել, թե ինչի շնորհիվ է հաջողության հասել Վրաստանը, ինչպես նաև անդրադարձել են նաև Չինաստանի ու Հնդկաստանի օրինակներին:

Բյուրոկրատիան հաղթահարած երկրների շարքում Վրաստանը հիանալի տվյալներ է ի ցույց դնում՝ առաջ անցնելով շատ զարգացած երկրներից: Առաջին 5 տեղերը ցանկում զբաղեցրել են համապատասխանաբար Նոր Զելանդիան, Սինգապուրը, Դանիան, Հոն Կոնգը, Կորեան։ Ցանկում Վրաստանից հետո տեղ են գտել Նորվեգիան, ԱՄՆ-ն, ապա Մեծ Բրիտանիան։

Խոսելով Եվրոպայում տիրող իրավիճակի մասին, Bloomberg-ի հեղինակները նշում են, որ այս տարածաշրջանը բիզնեսի վարման գծով ցանկում զբաղեցնում է 10 առաջատարների կեսը:

«Վրաստանը առաջ է անցել ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Այստեղ, ինչպես Նոր Զելանդիայում, բիզնես սկսելու համար ընդամենը մեկ ընթացակարգ է անհրաժեշտ՝ դա աշխարհի ամենափոքր ցուցանիշն է»,- ասված է հոդվածում: