Վրաստանում Covid-19-ի դեմ ավելի քան 184 000 մարդ է պատվաստվել

Հունիսի 9-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 184 718 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 54 474 քաղաքացի:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:

18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով: Մայիսի 24-ից 18 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվում են «Սինովակ» տեսակի պատվաստանյութով:

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, այսուհետ բացի AstraZeneca տեսակի պատվաստանյութից Վրաստան ներմուծված բոլոր տեսակի պատվաստանյութերով կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները:

Վրաստանը հուլիսից նախատեսում է սկսել բնակչության մասսայական պատվաստում: Մասնագետների խոսքով հուլիսին հնարավոր կլինի Վրաստանի խոշոր քաղաքների սպորտային հաստատություններում, առևտրի կենտրոններում և այլ մեծ տարածքներում առանց նախապես գրանցման պատվաստվել: