Երեկվա օրը համառոտ. ապրիլի 3

Վրաստանի Կախեթիի մարզի մունիցիպալիտետներից մեկում 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել՝ 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելիի խոսքով, դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի Ռիկոթիի լեռնանցքը։ Ըստ Ծերեթելիի՝ Ռիկոթիի ճանապարհին սողանքի ուսումնասիրությունը շարունակվում է, և շաբաթվա վերջին հայտնի կդառնա, թե երբ հնարավոր կլինի բացել ճանապարհը։

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունման դեմ սկիզբ առած ներքաղաքական լարվածությունը պահպանվում է․ այս անգամ, բողոքի ալիքը 21-ամյա Լազարե Գրիգորիադիսի ձերբակալության դեմ է։

Ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողները վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպում են պահանջում, այս խնդրանքով նրանք հավաքվել էին Վրաստանի կառավարության շենքի մոտ։

Անցյալ տարի Ախալցիխեի բերդ-ամրոցը՝ Ռաբաթին, 90 հազարից ավել այցելու է ունեցել:

Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը խստացնում է հսկողությունը շիմշատ բույսի ապօրինի հատման նկատմամբ։

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին մեկնաբանելով մարտի 31-ին խորհրդարանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը, այն որակել է շատ ուժեղ և զգացմունքային:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին կից ձևավորված բժշկական խորհրդի անդամները «Վիվամեդ» կլինիկայում կշարունակեն վերահսկել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը:

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հետ:

2023 թվականի մարտին, փետրվարի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,2 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 5,3 տոկոս, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանրությանն է ներկայացրել օմբուդսմենի նոր տեղակալներին:

Լիտվայի նախագահի հետ կայացած մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ժամանակն է՝ ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի վերադառնալու Բուխարեստի գագաթնաժողովի հռչակագրի ոգուն՝ հուլիսին Վիլնյուսում ցույց տալով նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման առաջընթացը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում ասել է, որ Անակլիա նավահանգստի շինարարությունը նախատեսվում է սկսել 2023-ի աշնանը։

Տրանսանատոլիական գազատարի (TANAP) թողունակությունը մոտ ապագայում կկրկնապատկվի, գրում է BusinessPressNews-ը՝ հենվելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի հայտարարությանը: