Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 10

Վրաստանի դպրոցներում նախատեսվում է մասնագիտական կրթության հնարավորություն ստեղծել:

Վրաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կսկսվեն հոկտեմբերի երկրորդ կեսից։

Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետի Լամբալո գյուղում 14-ամյա աղջկա սպանության համար մեղադրվող 27-ամյա ամուսինը ձերբակալվել է:

Մարտի 7-8-ի ցույցերին մասնակցած Լազարե Գրիգորիադիսի հորը՝ Բեքա Գրիգորիադիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է 5-օրյա վարչական ազատազրկման, իսկ նրա եղբորը՝ Կախա Գրիգորիադիսին,  2500 լարի տուգանք։

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը հոկտեմբերի 12-ին լրացուցիչ չվերթ է նախատեսել Իսրայելի Թել Ավիվ քաղաքից դեպի Թբիլիսի:

2022 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 18,3 տոկոսով (238,5 լարիով) և կազմել 1543 լարի։

Մեծ Բրիտանիայում ամբողջությամբ հրդեհվել է վրաց-ռուս օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի այրու՝ Ինա Գուդավաձեի տունը։

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որով, ի թիվս այլ խնդիրների, դատապարտել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի/Ցխինվալիի շրջանի օկուպացիան և օկուպացված Օչամչիրե քաղաքում ռազմածովային բազա կառուցելու Մոսկվայի ցանկությունը։ Բանաձևի անվանումն է՝ «Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդում՝ Ռուսաստանի` Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ ռազմական ներխուժումից հետո»։

Թուրքիան և Ադրբեջանը բողոք են հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը` Թբիլիսիում «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության հոկտեմբերի 1-ին կազմակերպած միջոցառման կապակցությամբ:

Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Վրաստանի դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ զեկույցը` վերանայելով չկատարված, մասամբ կամ ամբողջությամբ իրականացված առաջարկությունները։