Երեկվա օրը համառոտ. հուլիսի 26

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած վիճակագրության համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 հազար 253 նոր դեպք։

«Transparency international-Վրաստան»-ը հրապարակել է տասներորդ գումարման խորհրդարանի գործունեության հաշվետվությունը, ըստ որի՝ 21 պատգամավոր ընդհանրապես չի օգտվել ելույթ ունենալու իրավունքից։

Աբխազիայի դե ֆակտո հանրապետության անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Գալիի Նաբակեվի գյուղում բնակվող Վրաստանի քաղաքացի Քրիստինե Թակալանձեն:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և կողմերին կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը Թբիլիսիում, ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հուլիսի 25-ին հրապարակված երկու հաղորդագրություններում, որոնք վերաբերում են պետքարտուղարի հեռախոսազրույցներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թբիլիսիի օդանավակայանում Իրանի քաղաքացու ուղեբեռում մարիխուանա տեսակի թմրանյութ է հայտնաբերվել։

Օգոստոսի 1-ից սկսվում է Վրաստանի օկուպացված տարածքներում բնակվող ուսանողների՝ առանց միասնական ազգային քննություններ հանձնելու բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու դիմումների ընդունումը։

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան դատապարտել է «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի և կուսակցության առաջնորդներից մեկի` Մամուկա Մդինարաձեի դատապարտելի պահվածքը։

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Վեսելին Վալկանովի հետ։

Arkia ավիաընկերությունը նոր ուղղություն է ավելացնում Վրաստանում։ Այսուհետ իսրայելական ավիաընկերությունը չարտերային չվերթեր կիրականացնի Էյլաթ-Բաթումի-Էյլաթ ավիագծով։

Թբիլիսիի ավտոդպրոցներից մեկի՝ «Art Drive»-ի հիմնադիր Գիորգի Բերիշվիլին, հայտնել է, որ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո ավտոդպրոցի 200 աշակերտներից միայն 17-ն են առաջին ամսում անցել իրական երթևեկության պայմաններում հանձնվող քննությունը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ի պատասխան «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրողին ուղղված վիրավորանքներին տրված գնահատականներին, ասել է, որ լրագրողը Կոբախիձեին սադրել է։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել Բիճվինթայի տարածքը Ռուսաստանին փոխանցելու Աբխազիայի մտադրության մասին` պնդելով, որ դա վրացական տարածքի բռնակցում է Ռուսաստանին։

Վրաստանում Քութայիսի քաղաքի «Հուալինգ» (Hualing) ազատ արդյունաբերական գոտին կընդլայնվի ևս 22 հեկտարով, որից հետո դրա ընդհանուր տարածքը կկազմի 58 հեկտար, այսօր հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։