Երեկվա օրը համառոտ. մարտի 13

PMCG խորհրդատվական ընկերության վերջին ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում իրենց կողմից հարցված վրացի տնտեսագետների ակնկալիքները բացասական են՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում երկրի տնտեսական վիճակի առումով:

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) զեկույց է հրապարակել, որում ներկայացվում է Վրաստանում հանրային տեղեկատվության հասանելիության վիճակը 2022 թվականի դրությամբ։

Ռուսաստանի ձեռնարկած մաքսային հարկի սահմանումից հետո Վրաստանում ալրաղաց գործարանները ստիպված եղան երկրորդ անգամ դադարեցնել իրենց աշխատանքը. պատճառը կրկին ցորենի ու ալյուրի մաքսատուրքի անհավասար միջավայրն է:

Ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան և «Լելո» կուսակցության քարտուղար Լանա Գալդավան խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում կոչ են արել «Վրացական երազանքին»` դադարեցնել ապատեղեկատվության տարածումը երկրորդ ճակատի մասին, որը, ըստ նրանց, Կրեմլն օգտագործում է հնարավոր սադրանքների համար։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Վիկտոր Կիփիանին քննադատել է «Գործակալների մասին» օրինագիծը։

Թբիլիսիի քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության կայքում տեղադրված հաղորդագրությամբ պարզ է դառնում, որ կենտրոնական փողոցներից մեկում՝ նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մերձակայքում երկնաքերերի կառուցման ծրագրի հատակագծային հանձնարարականը Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը չի քննարկում. նախագիծը չեղարկված է:

«Գիրչի՝ մետի թավիսուփլեբա» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ արձագանքելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարություններին, նշել է, որ բողոքի ցույցերի նպատակը քաղաքական չէր։

Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին կոչ է արել քննչական կառույցներին արդյունավետ քննություն իրականացնել անհամաչափ ուժի կիրառման և լրատվամիջոցների ներկայացուցիչներին վիրավորելու փաստերով։

ԱՄՆ-ը Վրաստանին խոստացել է, այսպես կոչված` բորդերիզացիան ավելի լավ վերահսկելու համար ջերմատեսողական սարքեր տրամադրել, «Մթավարի արխի»-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության կցորդ Ջոզեֆ Բիլբոն։

Ամերիկացի նախկին կոնգրեսական Ադամ Քինզինգերն արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

Անցյալ տարվա 6 ամսվա ընթացքում՝ ապրիլի 20-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա 1720 քաղաքացիներ Վրաստանում գրանցել են 1956 ոչ գյուղատնտեսական հողատարածքներ, որոնցից 950-ը պատկանում են Ռուսաստանի 874 քաղաքացիների։