Երեկվա օրը համառոտ. մարտի 7

Մարտի 7-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 626 282-ի: Մեկ օրում արձանագրվել է 910 նոր դեպք: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 13.61%:

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին նշել է, որ մինչև մարտի վերջ Վրաստան կներմուծվի Pfizer տեսակի պատվաստանյութի նոր խմբաքանակ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «օմիկրոն» շտամի պիկը հաղթահարված է, ինչի մասին վկայում է նաև հոսպիտալացման թվի կտրուկ նվազեցումը։

Ազարաշվիլիի խոսքով՝ Վրաստանում պատվաստումների տեմպն էլ ավելի պետք է ակտիվանա։ Նախարարը խոսել է նաև կորոնավիրուսային վարակի նվազման և հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածության մասին: Նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսի պիկը հաղթահարված է։ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ հայտարարել է, թե Թուրքիայից ներկրվող դեղերի շնորհիվ շուկայում որոշ դեղերի գներն իջել են 60-80 տոկոսով։ Վարչապետը նշել է, որ ամենապահանջվածը սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղերն են, որոնք եթե առաջ 220 լարի (մոտ 65 դոլար) արժեին, այժմ արժեն 48 լարի են (մոտ 14 դոլար)։

Ղարիբաշվիլին կառավարության նիստում անդրադառնալով Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշել է, թե Վրաստանին վտանգ չի սպառնում և պետք է խաղաղ պայմաններում շարունակել կառուցել երկիրը։ Վարչապետի խոսքով, Վրաստանն աջակցում է Ուկրաինային, արդեն ուղարկվել է 140 տոննա մարդասիրական օգնություն, նախատեսվում է ավելին։

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկու հետ։ Ըստ տեղեկության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայում անվտանգության միջավայրը և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունները:

Վրաստանի խորհրդարանի բյուրոյի մարտի 7-ի նիստում գրանցվել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման վերաբերյալ խորհրդարանի բանաձևի նախագիծը։ 13 կետից բաղկացած բանաձևի նախագիծը մարտի 1-ի ուշ երեկոյան հրապարակել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովը։ 

Ավելի ուշ էլ պարզ դարձավ, որ ԵՄ դեսպանները համաձայնել են՝ Եվրահանձնաժողովը պետք է կարծիք ներկայացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալու դիմումի վերաբերյալ։ 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է վրացական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու առաջարկին և կողմերի միջև բանակցություններին՝ ասելով, որ երբ Ուկրաինայում պատերազմ է ընթանում, այս քայլն անընդունելի է։ Նախարարության պնդմամբ՝ Վրաստանի կառավարությունը մոռացել է 2008 թվականի պատերազմի մասին և այժմ փորձում է օգտագործել պահը սեփական շահերի համար։

Ազգությամբ ուկրաինացի, խորհրդային միության հետախուզության աշխատակից Յուրի Շվեցը սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ մի քանի երկրներ, ներառյալ հետխորհրդային երկրները, ինչպիսիք են Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը, գաղտնի բանակցություններ են վարել Կրեմլի հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու վերաբերյալ։ Շվեցը նշել է, որ հնարավոր է Թբիլիսին դառնա Ռուսաստանի օդային ճանապարհները կապող հանգույց, այսինքն զինամթերքը գնա Թբիլիսի, կնքվի որպես վրացական ապրանք

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ոչ բարեկամ երկրների ցանկը։ Հատկանշական է, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը նրանց թվում չեն։ Ռուսական Tass լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցակում ներառված են այն երկրները, որոնք «ոչ բարեկամական գործողություններ» են կատարել Ռուսաստանի նկատմամբ։ 

Ռուսական «Դոժդ» անկախ հեռուստաալիքի լրագրող Միխայիլ Ֆիշմանին թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը։ Այս առիթով հայտարարություն է տարածել «Հանուն ԶԼՄ-ների պաշտպանության» կոալիցիան՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին ընդունել ռուս լրագրողներին, ովքեր ոտնձգությունների են ենթարկվել իրենց մասնագիտական ​​գործունեության պատճառով։

Վրաստանի հանրային պաշտպանին կից ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհուրդները դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան և աջակցում Վրաստանի եվրաինտեգրմանը։ «Վրաստանի հանրային պաշտպանին կից հանդուրժողականության կենտրոնը, ազգային և կրոնական փոքրամասնությունների խորհուրդների անդամներն իրենց աջակցությունն են հայտնում ուկրաինացի ազգին և դատապարտում Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Այս ծանր իրավիճակում մեր միտքը կենտրոնացած է պատերազմի ավարտի և խաղաղության վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի զբոսաշրջության դաշինքը բաց նամակով Վրաստանի խորհրդարանի նախագահին է դիմել. «Մենք կարծում ենք, որ պետությունը պետք է կարգավորի Վրաստան գալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիների հոսքը, մասնավորապես, պետք է անհապաղ սահմանափակի առանց վիզայի մուտքը»:

Հայտարարության համաձայն՝ հետագա քայլերը պատշաճ պլանավորելու համար անհրաժեշտ է առաջիկա երկու օրերի ընթացքում անցկացնել հանդիպում մասնավոր և հանրային քննարկման ձևաչափով։ 

Երեկ՝ Anonymous հաքերային խումբը զգուշացնում էր տարածել, որ կիբերհարձակումներ են իրականացվելու նաև Բելառուսի և Վրաստանի կառավարությունների կայքերի վրա։

«Հարձակումներ կիրականացվեն նաև Բելառուսի և Վրաստանի կառավարությունների վրա: Մեր գործողությունները չեն կարող հանրայնացվել, բայց մենք դրանցից մի քանիսը կհրապարակենք: Հարձակումները Ռուսաստանի կառավարության վրա կշարունակվեն: Դրանք բոլորը մեր թիրախն են»,- գրել է Anonymous-ը Twitter-ում:

«Վրացական փոստը» շարունակում է անվճար հումանիտար օգնություն ուղարկել դեպի Ուկրաինա: Կառույցից հայտնել են, որ մարդասիրական ծանրոց ուղարկելու համար քաղաքացիները կարող են դիմել Վրաստանում գտնվող «Վրացական փոստի» սպասարկման ցանկացած կենտրոն։ 

Մառնեուլիում ավարտվել են «գյուղական աջակցության ծրագրի» շրջանակներում բնակչության հետ հանդիպումները։ Նշվում է, որ հանդիպումների ժամանակ բնակիչներն ըստ բնակավայրերի որոշել են, թե 2022 թվականին ինչ ծրագիր են իրականացվելու իրենց գյուղերում։ 

Ըստ Վրաստանի դատախազության տվյալների՝ Վրաստանի դատախազությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններից տուժած երեխաներին օգնելու համար: Նրանց խոսքով՝ երեխաների համար մարդասիրական օգնության պարագաների ընտրությունն ու գնումն իրականացրել են դատախազության ներկայացուցիչները՝ ուկրաինական կողմի հետ ակտիվ խորհրդակցության արդյունքում։

Մարտի 7-ի առուվաճառքի արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 12,47 թեթրիով, ինչի արդյունքում պաշտոնական արժեքը կազմել է 3,3991 լարի։ Եվրոյի նկատմամբ ազգային արժույթը նույնպես արժեզրկվել է 7,67 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,6802 լարի։

Եվ վերջում՝ Վրաստանում մարտի 10-ից օդի ջերմաստիճանը կնվազի, լեռներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով։ Մանրամասն՝ այստեղ: