Եվրամիությունը երբեք չի լքի Վրաստանը. Բորել

Եվրամիությունը երբեք չի լքի Վրաստանը, հայտարարել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բորելի պնդմամբ՝ իր համար անընդունելի է դիրքորոշումը, թե Եվրամիությունը կհեռանա Վրաստանից:

«Երբեք, այս դիրքորոշումն ինձ համար անընդունելի է: Չի հեռացել և չի հեռանալու: Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ այս գործընթացը հիմնված է արժանիքների վրա, դուք պետք է կատարեք որոշակի պայմաններ, դա ձեզնից է կախված»,- ասել է Բորելը:

Նրա խոսքով, ԵՄ-ն Վրաստանի հետ կապված ծրագրեր ունի: Ըստ նրա՝ ԵՄ-ն տնտեսական և ներդրումային ծրագիր ունի, որտեղ մոբիլիզացվում է 1,3 միլիարդ եվրո, և դա կօգտագործվի Վրաստանում մրցունակության բարելավման համար, որը ենթադրում է ենթակառուցվածքների բարելավում։