Իշխանությունը փորձում է լռեցնել հասարակությանը. կարծիքներ

Վրաց քաղաքական և հասարակական դաշտի գնահատմամբ՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը փորձում է լռեցնել և վախեցնել բոլոր նրանց, ովքեր համամիտ չեն իրենց տեսակետներին:

«Վրաց-եվրոպական ինստիտուտի» (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում, անդրադառնալով Բորջոմիի մունիցիպալիտետում գտնվող «Անհատական ազատության ինստիտուտի» ճամբարի, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության ղեկավար Զուրաբ Ջափարիձեի և հունիսի 17-ին Թբիլիսիի պետական ​​համալսարանում ֆիզիկական բռնության ենթարկված ուսանողների միջադեպին, ասաց՝ իշխանությունը Յանուկովիչի օրինակով փորձում է վախեցնել հանրությանը:

«Ակնհայտ է, որ այս ամենն իշխող կուսակցության կողմից Յանուկովիչի օրինակը կրկնօրինակելու փորձ է. նրանք ցանկանում են վախեցնել հանրությանը: Սակայն, իրենց ձեռքով դա անելու համարձակություն չունեն և այս անգամ ուզում են, որ դա Վատո Շաքարաշվիլին անի»,- ասաց քաղաքագետը:

Մելաշվիլիի պնդմամբ՝ Ջափարիձեի և «Գիրչի»-ի ճամբարի վրա հարձակումը քրեական հանցագործություն է։

Ըստ նրա՝ դա վկայում է այն մասին, որ իշխանությունը լիովին կորցրել է կապն իրականության և հասարակության հետ.

«Նրանք զգում են, որ վերջնագծին են մոտենում: Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ահաբեկման այս փորձը կհաջողվի, ապա շատ է սխալվում»:

«Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլիի խոսքով, 2021 թվականի հուլիսի 5-ից հետո Վրաստանում միայն հուլիսի 5 է:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին տասնյակ ծայրահեղականներից կազմված խումբը հարձակվել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ու երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա:

Այս դեպքը դատապարտել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին: Վրաստանում գործող շուրջ 43 հասարակական կազմակերպությունների գնահատմամբ՝ կարճ ժամանակահատվածում իրականացված երեք հարձակումները հստակորեն նախապես ծրագրված ու կազմակերպված էին։ 

Տասնյակ ծայրահեղականներ հարձակվել են երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա