Երեկվա օրը համառոտ. հունիսի 19

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել վրաց-հայկական համաձայնագրին, որով Վրաստանի և ՀՀ քաղաքացիները կկարողանան փոխադարձ ճամփորդել առանց մուտքի արտոնագրի՝ սահմանապահին ներկայացնելով միայն նույնականացման քարտը (ID քարտ):

Վրաստանի ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին կառավարության նիստի ավարտից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը։

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, Վրաստանում բժշկության օգնությամբ վերարտադրողականության (փոխնակ մայրություն) բուռն զարգացման ֆոնին` որոշակի ռիսկեր ներառող այս ոլորտը չի ունեցել համապատասխան կարգավորումներ։

Ուկրաինայում «Կախովկա» հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) ամբարտակի պայթեցման պատճառով Սև ծովի աղիությունը կտրուկ նվազել է։ Այս տեղեկությունը տարածել է Ուկրաինայի տարերային աղետների հետևանքների վերացման շտաբը։

Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները 2023 թվականի մայիսին նվազել են, փոխանցում է Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ):

Վրացական McDonald’s-ն այսօր պաշտոնական ներողություն է խնդրել մանկական Happy Meal հավաքածուի գրքույկի համար, որտեղ խոսվում է երգիչ Էլթոն Ջոնի մասին` նշելով նրա միասեռ ամուսնության փաստը։

Վրաստանի դատախազության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին չափահաս անձանց կողմից սեռական բռնության է ենթարկվել 31 դեռահաս:

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայից Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ռուսական կողմից կռվող ևս մեկ զինվոր է զոհվել:

Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության կոմիտեն հրապարակել է ձերբակալությունների մայիսյան վիճակագրությունը։ Դե ֆակտո կոմիտեի տվյալներով՝ անցած ամիս «սահմանի» տարբեր հատվածներում ձերբակալվել է 49 «սահմանախախտ»:

Թբիլիսիում և այլ քաղաքներում կենդանիների պաշտպանության պահանջով բողոքի ցույցեր են անցկացվել։

«Մենք ձեզ անգամ կարած աչքերով ենք տեսնում», «Կարած բերանով էլ ճիշտը կասենք». Վրաստանի Իմերեթիի մարզի Ճիաթուրայի մունիցիպալիտետում գործող «Ջորջիան Մանգանեզ» ընկերության մի քանի տասնյակ հանքափորներ այս կարգախոսով հասել են Թբիլիսի և Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց էին անցկացնում: