Ժպիտներ ու տոնական տրամադրություն. Թբիլիսիի հայկական թատրոնն այսօր Դամիա գյուղում էր

Տոնական տրամադրություն, երաժշտական համարներ, մրցույթային խաղեր և հեքիաթի բեմադրություն. Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն ամանորյա երաժշտական ներկայացմամբ այսօր Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիա գյուղում էր:

Ամանորյա հեքիաթի հերոսները և Ձյունանուշը երեխաներին` ներկայացումից զատ, ուրախացրին նաև ամանորյա երգերով, հետաքրքիր ու ժամանցային խաղերով:

Թատրոնի դերասան Հենրիխ Պետրոսյանը ներկայացումից հետո «Ալիք Մեդիա»-ին ասաց, որ երեխաները միշտ սիրով ու ուրախությամբ են ընդունում իրենց ներկայացումը:

«Երեխաներն իսկապես հավատում են հեքիաթին, Ձմեռ պապին ու Ձյունանուշին. և ուրեմն` ինչու չգալ և չուրախացնել այս երեխաներին: Նրանք իսկապես սպասում են մեզ, պարզապես անհնար է զրկել նրանց այս առիթից»,- ասաց Պետրոսյանը:

Դամիայի հանրակրթական դպրոցի ուսուցչուհի Ակսաննա Միսկարյանը, որ նույնպես ներկա էր ներկայացմանը, նկատեց, որ ամեն տարի երեխաներն Ամանորից հետո մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ սպասում են Ձմեռ պապին ու Ձյունանուշին, հեքիաթի հերոսներին, և ինչպես ամեն տարի՝ այս տարին էլ բացառություն չէր.

«Միջոցառումը` ինչպես միշտ, շատ հետաքրքիր էր և ուրախ տրամադրության ուղեկցությամբ անցավ: Երեխաներն անմիջական շփվում էին ինչպես հեքիաթի հերոսների, այնպես էլ ներկայացման մյուս մասնակիցների հետ. երգում էին, պարում, լավ ժամանակ անցկացնում»:

Ուսուցչուհին հավելեց՝ ցանկալի է, որ նմանատիպ և ինչու ոչ՝ նաև այլ տեսակի ներկայացումներ հաճախ կրկնվեն և՛ Դամիայում, և՛ յուրաքանչյուր գյուղում, քանի որ գյուղի երեխաների միապաղաղ առօրյան նման այցերի շնորհիվ փոխվում է՝ դառնալով ավելի գունեղ ու գեղեցիկ:

«Այսպիսով, գյուղի երեխաները փոքր-ինչ փոխում են իրենց առօրյան. բոլորին ֆինանսական տեսանկյունից հասանելի չէ երեխաներին քաղաք տանելը, որպեսզի նմանատիպ ներկայացումներ դիտեն»,- ասաց Միսկարյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և դերասանական անձնակազմին:

Ի դեպ, մինչ Դամիա այցելելը` Թբիլիսիի հայկական թատրոնը եղել է նաև Մառնեուլիի շրջանի Միրզոևկա, Խոժոռնի, Գյուլիբաղ գյուղերում։ Դամիայից հետո այսօր նրանք հանդես կգան նաև Շահումյան գյուղում, իսկ հունվարի 28-ին կայցելեն նաև Բոլնիս-Խաչեն գյուղ: