Ռուս-վրացական համաձայնության արդյունքում, աբխազական եւ օսական առեւտրային միջանցքները կարող են գործարկվել

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Պրահայի ձևաչափով հերթական հանդիպման արդյունքում որոշել են արագացնել 2011 թվականի մաքսակետերի մոնիտորինգի վերաբերյալ պայմանագրի իրականացման աշխատանքները:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում վրաց բանագնաց համզոմունք է հայտնել, որ ռուսական կողմը ունի պայմանագրի իրականացման պատրաստակամություն: «Համաձայնության ենք եկել արագացնել այս համաձայնագրի իրականացման գործընթացը: Վրացական կողմը պատրաստակամություն էր հայտնել ավարտին հասցնել գործընթացը դեռեւս նախորդ տարվա գարնանը, մինչդեռ ռուսական կողմը մի քանի հարցի շուրջ վերջնական որոշում կայացնելու խնդիր ուներ: Հուսով եմ` մոտ ապագայում կհաջողվի նրանցից ստանալ լիարժեք տեղեկատվություն, ինչից հետո կարելի է անցնել 2011 թվականի համաձայնագրի իրականացման փուլին: Հանդիպմանը պայմանավորվել ենք, որ նրանց կողմից այս աշխատանքները կարագացվեն»,- ասել է Աբաշիձեն:

Խնդրի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ Ռուսաստանի ԱԳՆ-ն, որտեղ նշվում է, որ Մոսկվան պատրաստ է անցնել համաձայնագրի իրականացման փուլին: «Կողմերը չպետք է ուշացնեն տարածաշրջանային առեւտրի տեսանկյունից այս չափազանց կարեւոր համաձայնագրի իրականացման պրակտիկ քայլերը»:

Նշված պայմանագիրը կնքվել էր դեռեւս 2011 թվականի նոյեմբերին, Ռուսաստանի` Առեւտրի միջազգային կազմակերպությանը (WTO) անդամակցելու շրջանում, երբ Վրաստանը զերծ մնաց վետոյի իր իրավունքից, նախապայմանով, որ Ռուսաստանը կստորագրի մաքսային համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Դրա համաձայն Վրաստանի եւ Ռուսաստանի մաքսային վարչարարության և մոնիտորինգի համակարգերի միջեւ տվյալների փոխանակման գործընթացի մեկնարկ էր տրվելու` առեւտրային միջանցքը հատող բոլոր ապրանքների մասով: Մաքսային վարչարարության և դիտարկման համակարգը պարունակում է երկու հիմնական բաղադրիչ՝ Էլէկտրոնային տվյալների փոխանակման համակարգ (Electronic Data Exchange System, EDES) և միջազգային մոնիտորինգի համակագ (International Monitoring System, IMS).

Վրաց բանակցողի պնդմամբ, մինչ որեւէ ռեալ առաջընթացի մասին խոսելը, պետք է նախապատրաստական աշխատանքներ իրականացվեն: Այս առումով, մարտ ամսին նախատեսվում է վրաց-ռուսական բանակցային ձեւաչափը համակարգող շվեյցարացի դիվանագետների այցը Վրաստան: Աբաշիձե-Կարասին հնարավոր հաջորդ հանդիպման ժամկետ է նշվում մայիս ամիսը:

Թողնել պատասխան