Սերժ Սարգսյանի այցը վրացական լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ժամանեց Վրաստան։ Հայաստանի եւ Վրաստանի լրատվամիջոցները այս մասին առաջին անգամ գրեցին օրեր առաջ։ Սոցիալական ցանցի վրացական տիրույթի որոշ օգտատերեր այնքան էլ ուրախ չէին Սարգսյանի այցի կապակցությամբ։

Մի մասը նրան հիշատակում էր որպես «ռսի ստրուկ», մյուս մասը՝ առավել «հայրենասերները», որոնք Հայաստանի կամ հայերի մասին խոսելիս պարտադիր կերպով հիշում են Աբխազիայում Մարշալ Բաղրամյանի գումարտակի մասին, որը` ըստ առավել ծայրահեղականների, «վրացիների ցեղասպանություն է իրականացրել»։ Իհարկե, կային նաև մարդիկ, ովքեր նման մեկնաբանություններ անողներին պարկեշտ լինելու կոչեր էին անում։

«Ահա, այստեղ է, եկեք գնդակահարենք», «Եկել է որ Ջավախքը իրեն տանք»։ Կային նաև հումորայիններ, ինչպիսին է օրինակ՝ «Բուշից հետո նման այց չէր եղել»։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա Սերժ Սարգսյանի այցը լուսաբանեցին գրեթե բոլոր լրատվամիջոցները։ Հատկանշական է սակայն, որ երկրի ամենախոշոր հեռուստաընկերություններից մեկը, «Ռուսթավի 2»-ը, Սարգսյանի այցին անդրադարձավ միայն մեկ նյութով, այն էլ՝ «Միխեիլ Ջանելիձեի փոխանցմամբ աբխազական երկաթգծի հարցը չի քննարկվելու` Սերժ Սարգսյանի այցը Վրաստան» վերտառությամբ։

Իսկ «Տաբուլա» առցանց լրատվական հարթակը ընդհանրապես չանդրադարձավ Սարգսյանի այցին։ Հարկ է նշել, որ վերոնշյալ լրատվամիջոցներից առաջինը սատարում է նախկին նախագահ Սաակաշվիլիի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, իսկ երկրորդը՝ վերջերս «Միացյալ ազգային շարժում»-ից անջատված «Եվրոպական Վրաստան»-ին։

ՀՀ նախագահի այցը ակտիվորեն լուսաբանեցին հանրային հեռուստաընկերությունն ու Իմեդի հեռուստաալիքը։ Նշված հեռուստաընկերությունները լուսաբանեցին գրեթե բոլոր հայտարարությունները և հանդիպումները` օդանավակայանից մինչեւ նախագահների ընթրիք։

Հ.Գ. Զերծ ենք մնում հայհոյանքներ պարունակող մեկնաբանությունների հրապարակումից:

Լուսանկարը` Վրաստանի նախագահի պաշտոնական կայքից

Թողնել պատասխան