Թբիլիսիի հայկական դպրոցում հնչեց վերջին զանգը

Վրաստանի մնացած դպրոցների հետ իր շրջանավարտներին դեպի նոր կյանք ճանապարհեց նաեւ Թբիլիսիի միակ հայկական թիվ 104 դպրոցը:

Արդեն 79-րդ անգամ դպրոցն իր սաներին կրթություն  ու դաստիարակաություն տալուց հետո հասուն կյանք ճանապարհեց:  Էռնեստ Սիմոնյանը շատ է հուզված: Նա ութերորդ դասարանում որոշել էր Երեւանում համալսարան ընդունվել: Իր այս որոշման արդյունքում 104 տեղափոխվեց` հայերենը կատարելագործելու: Այսօր նա հպարտ է իր կայացրած որոշմամբ.

«Շատ հուզված եմ: Մի կողմից ուրախ եմ, որ ավարտում եմ, սակայն տխուր եմ,  որ անհոգ մանկություն էլ չկա: Հենց այս դպրոցում բացվեցի, դարձա ավելի ուրախ: Ինձ համար շատ նորություններ բացվեցին այս դպրոցում, շատ շնորհակալ եմ դրա համար` իմ ուսուցիչներին եւ իմ ծնողներից, որ ինձ բերեցին 104: Վերջին զանգին շատ բուռն էինք պատրաստվում, այդ ընթացքում շատ մտերմացանք դասարանցիներիս հետ: Հիմա պատրաստ եմ մտնել նոր կյանք»: 

104-ում  վերջին զանգի արարողությունն ըստ ավանդույթի`  նշվում է մեծ շուքով: Աշակերտների, ուսուցիչների ու հատկապես ավարտականների համար այս օրը տոնի է վերածվում: Այս տարին բացառություն չէր՝ միջոցառման ընթացքում շրջանավարտները երգեցին, պարեցին, կատակեցին, ոմանք էլ հուզվեցին: Վերջին զանգի արարողությունը մեկնարկեց դպրոցի հիմնով:

Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանն իր խոսքում նշեց, որ շրջանավարտներին կփոխարինեն միայն 104-ում  սովորող իրենց թոռները:

Աննա Սիրունյանը հաջորդ տարի ավարտում է դպրոցը. « Միջոցառումից հետո նա Ալիքի հետ կիսվեց տպավորություններով.  Դժվար է պատկերացնել իմ ավարտելու օրը, քանզի դա ինձ համար շատ տխուր է: Այս տարվա ավարտականներին մաղթում եմ ամենայն բարին: Թող լինեն հաջողակ՝ ինչ բնագավառ էլ ընտրեն, իսկ մեր ուսուցիչների խորհուրդները թող հիշեն ամբողջ կյանքի ընթացքում»: 

Ավարտող դասարանի դասղեկ Իզաբելլա Աբրամյանն ասում է, որ ապագայում ուզում է  նրանց տեսնել այն տեղում, ինչին արժանի են. «Այսօր շատ հուզված, սակայն շատ ուրախ եմ, քանի որ ևս մեկ շրջանավարտ եմ ուղարկում նոր կյանք: Ցանկանում եմ,  որ այն նոր կյանքում իրենք ունենան միայն հաջողություն, թող իրենց առջեւ բացվեն միայն փակ դռներ, իսկ այդ դռների ետեւում՝ միայն հաղթանակներ: Թող որ ես նրանց տեսնեմ այն տեղը, որին նրանք արժանի են: Նրանց հետ ունեցել եմ բազում վայրէջքներ, վերելքներ, բայց այսօր համոզված ասում եմ, որ մեր անցած ճանապարհն իրոք հաղթական է»:

15 Շրջանավարտներին կփոխարինեն «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի` Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները: Հայկական տարազներով փոքրիկներն ասմունքեցին շրջանավարտների համար: Ապագա առաջին դասարանցիները դեռեւս 10-ն են:

Թողնել պատասխան