Թբիլիսիի պետհամալսարանի ռեկտորը խոստացել է հրաժարական տալ

Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները հասան իրենց նպատակին: Համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապավան մայիսի 1-ից հրաժարական կտա:    Մինչ այդ` կընտրվի  ռեկտորի պաշտոնակատար:

Այս մասին գիտխորհրդի 2 ժամ տևած նիստից հետո հայտարարել է համալսարանի ռեկտորը`Վլադիմիր Պապավան: Նա նաև նշել է, որ հունիսի 1-ից կդադարեցվեն համալսարանի գիտխորհրդի լիազորությունները,սակայն մինչ այդ գիտխորհուրդը կընտրի նոր կանցլեր՝ այսինքն աշխատակազմի ղեկավար:

Չնայած սրան, Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողական ինքնակառավարում մարմնի  որոշ ներկայացուցիչների կազմակերպած հացադուլը շարունակվում է:  Հացադուլի հիմնական պատճառը ռեկտորի հրաժարականն է:

882157_1521452758164683_5133322038749391022_oՆրանց  խոսքով` համալասարանի ռեկտոր  Վլադիմիր Պապավան տարիներ շարունակ  թաքցրել է, որ  համալսարանում գործունեություն է իրականացնում Պետական անվտանգության գործակալության գործակալը,  այսպես կոչված` օդեերը: Այդ իսկ պատճառով ռեկտորը պետք է լքի իր պաշտոնը:

Մարտի 29-ից սկսված հացադուլին մասնակցում է ինքնակառավարման 7 անդամ:  Ինքնակառավարման ղեկավար Իրակլի Սաբաուրին ասում է.

«Առաջիկայում մեզ շատերը կմիանան, եւ հացադուլը կշարունակվի այնքան, մինչեւ մեր պահանջները կընդունվեն : Մի քանի փաստ կա,  ինչի պատճառով պահանջում ենք Պապավայի հրաժարականը: Առաջինը դա այն է,  որ համալսարանի առաջին դեմքը վերջերս համալսարանում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվությունը չի ստանձնել: Երկրորդը ` ռեկտորի կողմից գործած  հանցանքներն են` նոյեմբերից մինչեւ այսօր: Այն որ օդեեր կա համալսարանում, իսկ մենք դրա մասին չգիտենք, արդեն  իրավունքի խախտում է համարվում: Այդ մասին իմանալն ու թաքցնելը կրկնակի հանցանք է: Երրորդը` խոշոր չափերի  ֆինանսական ծախսերն են.  ռեկտորի գրասենյակը 2015 թվականի ընթացքում ծախսել է 596000 լարի: Անցումային ժամանակաշրջանում երբ սովորաբար համալսարանի բյուջեն կազմում էր ավելի քան 10 միլիոն, այժմ չի հասնում 1 միլիոնի սահմանագիծը: Սա համալսարանի ճգնաժամի սկիզբն է»:  

Իրակլի Սաբաուրին նշեց  նաեւ, որ համալսարանում են աշխատում նախկին նախագահ Էդվարդ  Շեվարդնաձեի իշխանության տարիներին տարբեր պաշտոններ զբաղեցրած «չինովնիկներ»:  Նրանց թվում է, օրինակ,  աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին խորհրդատու Զուրաբ Կուբլաշվիլին: Վերջինս մինչ այդ աշխատել է Սահմանադրական անվտանգության դեպարտամենտում ու  ՆԳՆ-ում:

Ուսանողների տեղեկացմամբ` օրերս համալասարանի ռեկտորը խոստովանել է,  որ վերոնշյալ անձը իր կնոջ զարմիկն է: Հատկանշական է, որ մարտի 10-16-ը  ուսանողների կազմակերպած բողոքի ակցիայից  հետո նա հրաժարական է տվել:  Սրանից բացի` Սաբաուրին հիշատակեց  եվս մի քանիսի անունները.

«Ռեկտորը երեկ հայտարարեց, որ համալսարանի «Մաղլիվ» կոչվող մասնաշենքի վարչական մասի աշխատակից Ավթանդիլ Լոմիձեն նույնպես լքել է պաշտոնը: Լոմիձեն եվս պաշտոն է զբաղեցրել Շեվարդնաձեի իշխանության տարիներին. աշխատել է  Անվտանգության նախարարությունում:   Այսպիսի մարդկանց թիվը ցուցակում շատ է»:   

Հիշեցնենք նաեւ, որ մարտի 10-16 տևած բողոքի ակցիային մասնակցել է ոչ միայն համալսարանի ուսանողական ինքնակառավարումը,  այլեւ «115-րդ լսարան» ուսանողական շարժումը:  Նկատենք, որ  շարժումը ուսանողների շրջանում ձևավորվեց  ակցիայի  օրերին:

Շարժման ներկայացուցիչ Մարիամ Գուլիաշվիլին նշեց, որ   իրենց պահանջն է` բարեփոխումներ իրականացնել ողջ համալսարանում, ինչպես նաեւ ինքնակառավարման ներսում, քանի որ այս մարմնի գործունեությունն   իրենց վստահություն չի ներշնչում.

«Ինքնակառավարումը չի համարվում օրինական մարմին, հետեւաբար նրանց որոշումները նույնպես չեն կարող օրինական լինել: Մեր նպատակը  համակարգային փոփոխություններ  իրականցնելն է, իսկ ինքնակառավարումը պահանջում է, որ  փոխվեն կոնկրետ պաշտոնյաներ, հետեւաբար մեր պահանջները չեն համընկնում: Ճիշտն ասած` մեզ չեն էլ հետաքրքրում նրանց պահանջները, քանզի նրանց չենք համարում օրինական մարմին եւ չենք կարծում,  որ համալսարանը պիտի հաշվի առնի դրանք» :

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Թամար Սանիկիձեն  ուսանողների հետ  մարտի 23-ին կայացած հանդիպման ժամանակ բարձր է գնահատել ուսանողների` փոփոխություններ իրականացնելու պահանջը և  պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոփոխություններ իրականացնելու ժամկետները: Համաձայնություն է ձեռք բերվել, որ արդյունքում  ուսանողների առաջարկները ամրագրվեն օրենքով:

Թողնել պատասխան