Նախագահն ու առաջին տիկինը հանդես են եկել Վրաստանի օլիմպիական հավաքականի հանդիսավոր հագուստով

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և առաջին տիկին Մակա Չիչուան անակնկալ ակցիա են կազմակերպել ` ի աջակցություն վրացի օլիմպիականների: Մինչ հազարավոր օգտատերեր վրացի մարզիկների համար նոր հագուստ ստեղծելու պահանջով խնդրագիր են ստորագրում, նախագահական զույգը օլիմպիական հավաքականի համար կարված հագուստով ֆոտոսեսիա է կազմակերպել Մարգվելաշվիլիի` Դուշեթիում գտնվող տանը: Նոր հագուստի հեղինակը «Սամոսելի պիրվելի» խանութ-սրահն է: Ամուսինները լուսանկարվել են այն հագուստով որով վրացի մարզիկները պետք է հանդես գան Ռիո-դե-Ժանեյրո ամառային օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողության ժամանակ:

Առաջին տիկինը հրապարակել է լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում` ուղեկցելով դրանք «Հաղթանակ, վրացի օլիմպիականներ» գրառմամբ: Պետք է խոստովանել, որ հագուստը, որը շատերը համարում են տարօրինակ, Մակա Չիչուայի հագին իսկապես էլեգանտ ու զուսպ է նայվում:

Դրական մեկնաբանությունները ու ավելի քան երեք հազար լայքերը վկայում են, որ սոցիալական ցանցի օգտատերերը հավանել են նախագահի և նրա տիկնոջ գաղափարը: Նրանցից շատերը, այնուամենայնիվ, նշում են, որ նույնիսկ հաջողված լուսանկարներն ու առաջին տիկնոջ գեղեցկությունը չեն փոխում այն փաստը, որ հագուստը «ահավորն է ու հնաոճ»: Ֆեյսբուքյան օգտատերերը չեն մոռացել հիշեցնել նաև այն մասին, որ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիսանում է գործարար Լեվան Վասաձեի վաղեմի ընկերը, ում կնոջն էլ պատկանում է հագուստը հեղինակած խանութ-սրահը:

Ավելի վաղ բացահայտվել էր, որ Օլիմպիական կոմիտեն հագուստը պատվիրել էր հիշյալ խանութ-սրահից առանց նախապես մրցույթ հայտարարելու: Հավաքականի 39 անդամներից  յուրաքանչյուրի համար ընդամենը մի քանի կոմպլեկտ հագուստ ձեռք բերելու համար ծախսվել է մոտ 80 հազար լարի (34.1 հազար դոլար):

Մինչ այդ սկանդալը շարունակում է թափ հավաքել: «Սամոսելի պիրվելի»-ի կողմից կարված հագուստներն արդեն գրավել են նաև Բի-Բի-Սի-ի ուշադրությունը: Հեռուստաընկերության կայքում մի ջախջախիչ հոդված էր տպագրվել այս առիթով, որտեղ մասնավորապես ասվում էր, որ Վրաստանն ու Իրանը հավանաբար այնքան էլ չեն մտահոգվել իրենց մարզիկների հանդիսավոր երթի կապակցությամբ, որին ավելի քան մեկ միլլիարդ մարդ է հետևելու աշխարհի տարբեր անկյուններից:

«Հավանաբար, երբ վրացական ավանդական հագուստի արտադրող «Սամոսելի պիրվելի»-ն օլիմպիադայի բացման արարողության համար նախատեսված հագուստ կարելու պատվեր է ստացել, նրանք դա իրենց կարիերայի բարձրակետն են համարել: Այնուամենայնիվ, շատ վրացիներ համաձայն չեն դրա հետ:» – գրում է Բի-Բի-Սի-ն:

Թողնել պատասխան