Ռուսաստանից Վրաստան կբերվի վրացական կինոարխիվը

Վրաստանի Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ վրացական կինոարխիվի մի մասը շուտով կհասնի Վրաստան: Արխիվի երկրորդ մասի  տեղափոխման ժամկետները դեռ հստակեցված չեն: Նախարարության փոխանցմամբ, ամբողջ արխիվը Վրաստան տեղափոխելու համար  6 տարի կպահանջվի:

«Սա մեզ համար նմուշ է՝ հասկանալու, թե ինչպիսի ժառանգություն ունենք կինոմատոգրաֆիայի ոլորտում: Առաջին փուլի համար նախատեսված  4 ֆիլմերը հայրենիք կհասնեն նոյեմբերին: Դրանք վրացի կինոռեժիսորներ Միխեիլ Ճիաուրելիի, Նուցա Ղողոբերիձեի և Լեո Էսակիայի ֆիլմերն են»,-տեղեկացրել է Մշակույթի նախարարության կինոմատոգրաֆիայի բաժնի ղեկավար Նանա Դոլիձեն:

Նա նաև շեշտել է. «սա պատմական  իրադարձություն է: Կարծում եմ՝ սա  արժեքավոր և կարևոր մի հարց է, որը մեկ դարվա ընթացքում հնարավոր է մեկ անգամ լինի: Եթե չլիներ պետական մարմինների կամքը, ապա որևէ մասնավոր անձի նախաձեռնությամբ անհնար կլիներ նման ծրագիր իրականացնել»:

Ռուսաստանից վրացական ֆիլմերի արխիվը տեղափոխելու գործընթացի վերաբերյալ հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ  Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի արտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումից հետո:

Թողնել պատասխան