Վրաստանում «Մանկական Եվրատեսիլի» հաղթող դարձավ Ռուսաստանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որտեղ 188 միավորով հաղթեց Ռուսաստանի մասնակից Պոլինա Բոգուսեւիչը «Թեւեր» երգով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանը, որը ներկայացրեց 12-ամյա Գրիգոլ Կիպշիձեն՝ «Սրտի ձայնը» երգով: Երրորդ հորիզոնականում է Ավստրալիան, իսկ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Հատկանշական է, որ դիվանագիտական հարթության մեջ խնդիրներ ունեցող Ռուսաստանն ու Վրաստանն այս մրցույթում միմյանց փոխանցեցին ամենաբարձր՝ 12 միավորներ։
Այս տարի քվեարկելու հնարավորություն ուներ նաեւ հանդիսատեսը՝ առցանց, ուստի հաղթողը որոշվել է ժյուրիի եւ առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50:

Թեեւ Վրաստանն առաջին անգամ հյուրընկալեց այս մրցույթը, սակայն ամենաշատ՝ 3 անգամ հաղթանակ տոնած երկիրն է։

Տասնհինգերորդ անգամ անցկացված «Մանկական Եվրատեսիլին» այս տարի մասնակցում էր 16 երկիր, իսկ հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Մինսկում:

Թողնել պատասխան