Առաջին ընտրությունները հետհեղափոխական Հայաստանում․ Երևանն ավագանի է ընտրում․ լուսանկարներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին Հայաստանում անցկացվում են առաջին հետհեղափոխական ընտրությունները։ Երևանն ընտրում է քաղաքի ավագանուն, որն էլ կընտրի քաղաքապետին։ Ընտրություններն արտահերթ են, քանի որ հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հասարակական ճնշումների ներքո հրաժարական տվեց։

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 քաղաքական ուժեր՝ 9 կուսակցություն և 4 դաշինք։ Հետագայում մեկ կուսակցություն ներկայացրել է ինքնաբացարկ։

Ստորև ներկայացված են ընտրություններին մասնակցող դաշինքների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները․
«Երևանի հանրություն» դաշինք, Անահիտ Թարխանյան,
«Լույս» դաշինք, Արտակ Զեյնալյան,
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, Հայկ Մարության,
«Երևանցիներ» դաշինք, Արարատ Զուրաբյան։

Ստորև ներկայացված են ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներն ու քաղաքապետի թեկնածուները.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Նաիրա Զոհրաբյան,
«Երկիր ծիրանի» կուսակցություն, Զարուհի Փոստանջյան,
«Ժառանգություն» կուսակցություն, Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, Մանուել Գասպարյան,
Հայ հեղափոխական դաշնակցություն, Միքայել Մանուկյան,
«Հայաստանի ժողովրդավարական, ազատական միություն» կուսակցություն, Գևորգ Սանդալյան (ինքնաբացարկ,
«Հայք կամ Հայկազուններ», Գևորգ Հովսեփյան,
Ռեֆորմիստների կուսակցություն, Արտակ Դավթյան,
«Օրինաց երկիր» կուսակցություն, Մհեր Շահգելդյան։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, չորս տարի ժամկետով և կազմված է 65 անդամից։

Ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունի 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին, որը մինչ քվեարկության օրն ունեցել է 6 ամսվա հաշվառում Երևանում։

Այս ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող, սակայն Երևանում մեկ տարվա հաշվառում ունեցող անձինք։ Նույն պայմաններն են գործում նաև ավագանու անդամի թեկնածուների, բայց ոչ քաղաքապետի թեկնածուի համար։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6 տոկոս կուսակցությունների համար և 8 տոկոս կուսակցությունների դաշինքների համար):

Ըստ ոստիկանության տեղեկատվության՝ Երևանի ընտրողների թիվը կազմում է 853.390 անձ։

Առկա է տասը ընտրատարածք, որտեղ կան 475 ընտրատեղամասեր։