Ճոպանուղու վթարից տուժածների թվում կան օտարերկրացիներ, որոնցից մեկը հղի կին է

Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրի ճոպանուղու վթարի հետևանքով տուժածների թվում Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ կան։ Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն։

Ըստ նախարարի՝ Գուդաուրիի հիվանդանոց է դիմել ութ տուժած, որոնցից մեկն արդեն դուրս է գրվել։

«Բարեբախտաբար, մահվան և ծանր վնասվածքներով դեպքեր չունենք։ Տուժածներից մեկը Շվեդիայի, մյուսն Ուկրաինայի քաղաքացիներ են։ Գուդաուրիում անհետաձգելի բուժօգնության համար տեխնիկապես հագեցված հիվանդանոց կա, որտեղ այս մարդկանց կօգնեն»,-«Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է Սերգեենկոն։

Ըստ նախարարի՝ տուժածներից երկուսի վիճակն է համեմատաբար ծանր, նրանցից մեկի ձեռքն է կոտրված և գլուխն է վնասված, մյուս տուժածը հղի կին է, Շվեդիայի քաղաքացի, նա մեջքի ցավեր ունի։ Նախարարը նշել է, որ տուժածների մեջ երեխաներ չկան։

Վրաստանի հանրային հեռուստաընկերությունն էլ տեղեկացրել է, որ տուժածների թվում Ռուսաստանի չորս քաղաքացիներ կան։

Միևնույն ժամանակ, կատարվածի առնչությամբ՝ Քրեական օրենսգրքի՝ անվտանգության կանոնների խախտման հոդվածով գործ է հարուցել ներքին գործերի նախարարությունը։

Հատկանշական է, որ դեպքի վայրում գտնվող էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հայտնել է, որ ճոպանուղին ստուգվել էր դեկտեմբերի վերջին։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Գուդաուրիում ճոպանողին վթարի էր ենթարկվել։

Նշվում էր, որ հոսանքն է անջատվել, մինչդեռ Energo-Pro Georgia էլեկտրաբաշխիչ ցանցը քիչ առաջ տեղեկություն է տարածել՝ նշելով, որ Գուդաուրիում հոսանքի վթարային անջատում չի գրանցվել։

Թողնել պատասխան