Մեղավորները խստագույն պատասխանատվության կենթարկվեն․ Կվիրիկաշվիլին արձագանքել է Գուդաուրիի միջադեպին

«Վրաստանի լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայրի ճոպանուղու վթարի հետ կապված բոլոր մեղավորները պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվեն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։

Կվիրիկաշվիլին նշել է, որ պարբերաբար տեղակատություն է ստանում դեպքի վայրից։

«Հետաքննություն է սկսվել, բացի այդ, շուտով Վրաստան կժամանի միջազգային փորձագիտական խումբը, որը մանրակրկիտ ուսումնասիրություն կանցկացնի և կգնահատի իրավիճակը։ Խստագույն պատժի կենթարկվեն բոլոր մեղավորները»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ Վրաստանի իշխանությունները մաքսիմալ ջանքեր կգործադրեն՝ քաղաքացիների անվտանգության, ինչպես նաև երկրի բարի համբավը պահպանելու համար։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մոտ Գուդաուրիում ճոպանողին վթարի էր ենթարկվել, որի հետևանքով տասը մարդ ստացել է տարբեր վնասվածքներ և հոսպիտալացվել։

Դեպքից հետո տուժածները տեղափոխվել են Գուդաուրիի բժշկական կենտրոն, որից հետո նրանցից մի մասն ուղղաթիռով կամ ռեանոմոբիլով բերվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանի առողջապահության փոխնախարար Զազա Սոպրոմաձեն Ղուդուշաուրիի հիվանդանոցում տեսակցել է Գուդաուրիի պատահարից տուժածներին։ Փոխնախարարը հայտնել է, որ ինչպես Թբիլիսի տեղափոխված տուժածների, այնպես էլ Գուդաուրիում մնացածների կյանքին վտանգ չի սպառնում։

«Ղուդուշաուրիի հիվանդանոց տեղափոխված ուկրաինացի կինը բազմակի կոտրվածքներ է ստացել, սակայն կայուն վիճակում է գտնվում։ Կայուն է նաև տուժած հղի կնոջ վիճակը»,-ասել է փոխնախարարը՝ նշելով, որ ամեն բան գտնվում է վերահսկողության տակ և անհանգստանալու կարիք չկա։

Թողնել պատասխան