Մերժել Մարգվելաշվիլիին, կնշանակի ոչ ասել Վենետիկի հանձնաժողովին

Նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեի պարզաբանմամբ, Գիորգի Մարգվելաշվիլիի վետոն  միտված է դատարանների ապակենտրոնացմանն ու դատավորների պաշտպանվածության բարձրացմանը:

Դոլիձեն լրագրողների հետ զրույցում  նշել է, որ դատական համակարգի մասին նախագահի առարկությունները ամբողջովին  համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին: «Մերժել Մարգվելաշվիլիին, կնշանակի ոչ ասել Վենետիկի հանձնաժողովին»,- հայտարարել է Դոլիձեն:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստում նշված թեմայով քննարկում է ընթացել:  Մինչ այդ, Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը չէր  ընդունել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի փաթեթի վրա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի  վերջերս դրած  վետոն:

Հանձնաժողովի քննարկման ընթացքում նախագահի առարկություններն  ընդունելի է եղել միայն երկու պատգամավորի համար:  Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Գիորգի Կախիանին ասել է, որ  վետոյի վերաբերյալ նախագահը  ոչ մի համոզիչ փաստարկ  չի բերել, այդ իսկ պատճառով  ինքը չի աջակցելու նախագահի որոշմանը:

Հարցին արձագանքել է նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն. «Վրաստանում կառավարությունն ու խորհրդարանը  երկրի նախագահի  ընտրության կարգը փոխելու որևէ քաղաքական դրդապատճառ չունեն»:

Հիշեցնենք՝  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի արդյունքում ներկայացված առաջարկների փաթեթի վրա: Դատական համակարգի բարեփոխումների երրորդ  փուլում ներկայացված օրինագիծը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերին:

Թողնել պատասխան