22 հազար 707 ընտանիքի սոցիալական օգնությունը դադարեցվել է. Իրակլի Կոբախիձե

Խորհրդարանում տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է սոցիալապես անապահով ընտանիքներին և նշել, որ վերստուգման արդյունքում 22 հազար 707 ընտանիքի կենսապահովման նպաստի տրամադրումը դադարեցվել է։

«Հունիսի 1-ի տվյալներով՝ ավարտվել է 40 հազար 225 ընտանիքի վերստուգման գործընթացը։ Դադարեցվել է 22 հազար 707 ընտանիքի սոցիալական օգնությունը, ինչը կազմում է ընդհանուր թվի 56.4%-ը։ Այս ամենի արդյունքում խնայված գումարը կազմել է 54.7 միլիոն լարի։ Սոցիալական օգնությունների շուրջ հաճախակի շահարկումներ էին լինում. մեզ ասում էին, որ եթե երկրում աղքատությունը նվազում է, իսկ տնտեսությունն՝ աճում, ապա ինչո՞ւ է ավելացել սոցիալական նպաստ ստացողների թիվը։ Պատճառը պարզ էր. 2020 թվականից հետո հայտարարվել էր յուրօրինակ մորատորիում, և տվյալների բազաների վերանայում չէր իրականացվել։ Հենց որ սկսեցինք բազաների ստուգումը, հաստատվեց այն, ինչն արդեն գիտեինք. իրականում այդ մարդկանց մեծ մասն այլևս սոցիալական օգնության կարիք չուներ։ Նրանց մի մասն ամսական ուներ ավելի քան 3000 կամ 4000 լարի եկամուտ, բայց միևնույն է՝ ստանում էր սոցիալական նպաստ։ Վերջնական արդյունքում բազաները վերանայվեցին, և նպաստառուների թիվը կրճատվեց ավելի քան 56%-ով։ Այս գործընթացը, բնականաբար, շարունակվելու է»,- հայտարարել է Կոբախիձեն։

2026 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ կառավարությունը սկսում է սոցիալապես անապահով ընտանիքների վերստուգումը։ Նպատակը ռեկորդային չափերի հասած նպաստառուների թվի կրճատումն է, որոնց աջակցության համար բյուջեից ամսական ծախսվում էր ավելի քան 71 միլիոն լարի։ Ստուգման չափանիշներից մեկը եկամուտն է։ Մասնավորապես, ստուգվելու են այն անձինք, որոնք վերջին 3 ամիսների ընթացքում ունեցել են ամսական 2000 լարիի եկամուտ։

Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ մայիսին կենսապահովման նպաստ է ստացել 605 հազար 33 անձ (153 հազար 171 ընտանիք)։ Ապրիլի համեմատ նպաստառուների թիվը նվազել է գրեթե 41 հազարով։ Նշենք, որ այս թվի մեջ մտնում են նաև այն անձինք, որոնց տվյալներն այժմ քննում է գործակալությունը, և հաջորդ ամիս հնարավոր է նրանց սոցիալապես անապահովի կարգավիճակն ու նպաստի տրամադրումը երկարաձգվի։